Մատչելիության հղումներ

Worley Parsons-ը շահել է հայկական նոր ատոմակայանի կառուցման մրցույթում


Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի արդյունքում հաղթել է Worley Parsons միջազգային կոնսորցիումը: Պետական գնումների գործակալության մամուլի ծառայության ղեկավար Վասակ Թարփոշյանը «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ հաղորդեց:

«Մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ: Նրանք երկուսն էլ միջազգային կոնսորցիումներ են: Մեկը` Worley Parsons եւ Scientech-ը, չնայած մրցույթի փաթեթ ստանալու համար դիմել էին մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը, հաղթող ճանաչեց Worley Parsons-ին: Scientech-ի հայտը համարվեց անբավարար` երաշխիքի բացակայության եւ մրցույթի փաթեթին համապատասխան ամբողջական գնային առաջարկ չներկայացնելու համար», - ասաց Թարփոշյանը:

Հարցին` արդյո՞ք մրցույթին մասնակցած կազմակերպություններում կա թուրքական մասնակցություն, պետգնումների գործակալության մամուլի պատասխանատուն պատասխանեց. - «Դրանք միջազգային կոնսորցիումներ են, որոնց մեջ, որքան ես տեղյակ եմ, նման [թուրքական] ընկերություններ չկան»:

Մրցույթը հաղթած WorleyParsons միջազգային կոնսորցիումը, ընկերության կայքէջի համաձայն, հիմնադրվել է 30 տարի առաջ Ավստրալիայում, որպես Grill at Wholohan Grill and Partners խորհրդատվական ընկերություն: Ընկերությունը տեխնիկական, ծրագրային եւ գործառական ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրներում` հիմնականում էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Ունի ավելի քան 114 գրասենյակներ եւ 31,700 աշխատակազմ:

Մինչեւ 2016 թվականը Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Մեծամորում տեղակայված սովետական տիպի ատոմակայանը փոխարինել նոր տիպի ատոմակայանով, որը կհամապատասխանի անվտանգության արեւմտյան չափանիշներին:

Եվրամիությունը հետեւողականորեն հայկական իշխանություններից պահանջել է` փակել Հայկական ատոմակայանը եւ պատրաստակամություն է հայտնել մինչեւ 100 միլիոն եվրո տրամադրել ատոմակայանի փակման աշխատանքների համար, որը եվրոպական պաշտոնյաների գնահատմամբ` չի համապատասխանում ժամանակակից անվտանգության չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG