Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «ՀՅԴ-ի համար դժվար շրջան է սկսվում»


Կոալիցիայից դուրս եկած Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) համար դժվար շրջան է սկսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ-ի Բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Մենք բոլորովին նոր մոդել պետք է ստեղծենք իշխանության վրա ազդելու», - իր այդ հայտարարությունը մեկնաբանեց Վահան Հովհաննիսյանը. - «Ժամանակ եղել է, որ տիրապետել ենք այդ մոդելը, բայց այն ժամանակը բոլորովին ուրիշ էր: Տեր-Պետրոսյանի ժամանակներում մենք կոշտ ընդդիմություն էինք: Բայց այն ժամանակը բոլորովին ուրիշ էր` կար պատերազմ, բազմաթիվ չլուծված հարցեր, եւ բոլորի փորձը` թե իշխանության, թե մեր, բոլորովին տարբեր էր: Հիմա արդեն անցել են տարիներ եւ բոլորիս փորձը զարգացել է եւ հիմա պետք է աշխատել նոր մոդելով: Շատ շուտով դրա դրսեւորումները ձեր առջեւ կլինեն»:

Անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական այլ ուժերի հետ:

Պատասխանելով ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ համագործակցության հնարավորության մասին հարցին Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, որ առայժմ այս առումով կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, հնարավոր է նաեւ համագործակցություն Հայ ազգային կոնգրեսի հետ. - «Եթե մենք տեսնենք, որ ՀԱԿ-ը արդար պայքարի մեջ է արդարության համար, առանց ցնցելու երկիրը եւ կոլապսի եզրի հասնելու, հնարավոր է նաեւ համագործակցություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG