Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը»


Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը: Այդ մասին երեքշաբթի օրը Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Էրդողանը ասել է, թե Ադրբեջան իր այցի նպատակն է «վերացնել Թուրքիայի քաղաքականության առնչությամբ առկա թյուրըմբռնումները եւ թյուրընկալումները», եւ վստահեցրել է, որ Ադրբեջանի շահերը առաջնայնություն են մնում պաշտոնական Անկարայի համար:

«Ոչ ոք չպետք է աննշան իսկ կասկած ունենա, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես արել է մինչ այժմ: Մեր հարաբերությունները ամուր են եւ հիմնված են եղբայրական մշակույթի վրա», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը, ում այցը ընթացքում ուղեկցում է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, չորեքշաբթի օրը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ելույթ է ունենալու ադրբեջանական խորհրդարանում:

Ադրբեջանը վերջին շրջանում անհանգստացած է հայ - թուրքական հաշտեցման եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հեռանկարով:

Այդուհանդերձ, անցած շաբաթավերջին Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից:

«Թուրքիան կարող է բացել սահմանը, եթե Հայաստանը վերջ տա Լեռնային Ղարաբաղի օկուպացիային», - ասել էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG