Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «Զինադադարը միակ հաջողությունն է մինչեւ օրս»


1990-ականների Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի կարծիքով, դիվանագիտական միակ հաջողությունը, որ պահպանվել է մինչեւ օրս, 1994 թվականին կնքված զինադադարի եռակողմ պայմանագիրն է:

«Մյուս բոլոր արդյունքները, որոնք կային, այս վերջին 11 տարիների ընթացքում ամբողջությամբ փոշիացել են», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Շահնազարյանը: - «Շնորհիվ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական գործողությունների ներդաշնակության, հաջողվեց ստիպել Ադրբեջանին գնալ այդ զինադադարին»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը մեծապես կարեւորում է հակամարտության կարգավորման բանակցություններում մինչեւ 1997 թվականը պահպանված եռակողմ ձեւաչափը, որում, բացի Հայաստանի եւ Ադրբեջանից, բանակցային կողմ էր նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Իսկ այսօր, Լեռնային Ղարաբաղի՝ բանակցութուններից դուրս մնալն է, ըստ Փափազյանի, «հիմնական պատճառը, որ դիվանագիտական ասպարեզում Հայաստանը չի արձանագրում հաջողություններ»:

«Ավելին», - շարունակեց նախկին արտգործնախարարը, - «ցավով պիտի արձանագրել, որ դիվանագիտական ասպարեզում հենց այս պատճառով՝ հիմնականում այս պատճառով, մենք տեսնում ենք ձախողումներ»:

Նախկին արտգործնախարարի խոսքով, չկա «ավելի բարձր կանգնած փատաթուղթ, քան եռակողմ ձեւաչափի վերաբերյալ բուդապեշտյան որոշումը»: Նրա կարծիքով, եթե Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իսկապես դժգոհ են ներկա ձեւաչափից, ապա «այսօր էլ դեռ ուշ չէ՝ պիտի պահանջեն վերադարձ այս ֆորմատին». - «Եթե չեն պահանջում կամ ընդամենը ասում են, որ ճիշտ կլիներ, որ Ղարաբաղը նորից վերադառնար բանակցային սեղանի շուրջ, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերն ու հետաքրքրությունները, դա բավական չէ»:

Իսկ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները «ի վիճակի չեն այդ խնդիրը լուծել՝ անգամ ցանկության դեպքում»:

Բանակցությունների գաղտնիության կապակցությամբ, ասուլիսի երկու բանախոսներն էլ ընդունում են, որ դիվանագիտությունը պետք է որոշակի գաղտնիություն պարունակի: Այդուհանդերձ, ըստ Դավիթ Շահնազարյանի, այսօր գաղտնի է պահվում «բանակցությունների բուն գաղափարախոսությունը, ուղղվածությունը»:

«90-ական թվականներին այդպիսի պահեր չեն եղել», - վստահեցրեց նա: - «Այդ աստիճանի բացարձակ գաղտնիությունը ես համարում եմ լրիվ անդընդունելի»:

Վահան Փափազյանը հիմնական խնդիր է համարում այն, որ հասարակությունը չի վստահում իշխանություններին. - «Եթե հասարակությունը իշխանությանը վստահում է, հասարակությունը շատ հանգիստ նայում է ցանկացած բանակցային գործընթացին»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով, բանակցություններում Հայաստանն այնքան է զիջել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշումն ընդունողն «այսօր Բաքուն է, եւ ոչ թե Երեւանը»։

«Կարգավորման այսօրվա լծակները ամբողջովին գտնվում են Բաքվում: Հայաստանում այդ լծակները, ցավոք սրտի, գոյություն չունեն», - հայտարարեց նա:

Վահան Փափազյանը գտնում է, որ «եթե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ տեղի չունենա, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանը չի բացվի»:

Հարցին, թե կարո՞ղ է նախագահ Սարգսյանը հասնել որեւէ հանգուցալուծման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Դավիթ Շահնազարյանը արձագանքեց. - «Դա իր քաշային կատեգորիայի խնդիրները չեն»:

1994 թվականի մայիսին հրադադարի փաստաթուղթը ստորագրած անձանցից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի բանակի այն ժամանակվա հրամանատար Սամվել Բաբայանի խոսքով, որեւէ մեկը չի կարող ասել՝ հաջողություննե՞ր, թե՞ նահանջ ենք ունեցել զինադադարից հետո. - «Քանի որ որեւիցե փաստաթուղթ չեն հրապարակել»:

Սամվել Բաբայանը վստահ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդիրը լուծվել չի կարող. - «Իրավիճակը թելադրելու է, որ այն, ինչ որ պայմանավորվում են Հայաստանի հետ, մնում է թղթի վրա: Դա մի քանի անգամ կրկնվել է այս 15 տարվա մեջ: Ուրեմն՝ կոնֆլիկտի կողմը իրական, դա Լեռնային Ղարաբաղն է: Հայաստանի դերը դա նույնն է, որ Թուրքիան վարում է այսօր Ադրբեջանի համար: Ոչ ավելին»:

Վահան Փափազյանը հիմնական խնդիր է համարում այն, որ հասարակությունը չի վստահում իշխանություններին. - «Եթե հասարակությունը իշխանությանը վստահում է, հասարակությունը շատ հանգիստ նայում է ցանկացած բանակցային գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG