Մատչելիության հղումներ

Գործարկվում է Իրան - Հայաստան գազատարը


Ակնկալվում է, որ երեքշաբթի օրվանից կգործարկվի Իրան - Հայաստան գազատարը, եւ Հայաստանը կսկսի Իրանից գազ ստանալ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարարության խոսնակ Lուսինե Հարությունյանը:

Կողմերի միջեւ 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով. յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` 3 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Գործարքի իրականացման մանրամասները քննարկելու նպատակով երեկ Երեւան է ժամանել Իրանի գազ արտահանող ազգային ընկերության կառավարող տնօրեն Սեյեդ Ռեզա Կասաիզադեհի գլխավորած պատվիրակությունը:

«Սկսվում է Իրան - Հայաստան գազատարի պայմանագրի շրջանակում ընդգրկված «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձեւի գործնական փուլը: Այսինքն, նշանակում է, որ Հայաստանը Իրանից կվերցնի գազ, փոխարենը կմատակարարի էլեկտրաէներգիա: Պատվիրակությունները տեղում կքննարկեն ռեժիմները, աշխատանքները եւ հետագա գործընթացները», - ասաց էներգետիկայի նախարարության խոսնակը:

Թե ի վերջո ինչ պայմաններով կկատարվի փոխանակումը` հայտնի կդառնա թերեւս չորեքշաբթի օրը, երբ կողմերը բանակցություններր արդյունքում այդ մասին համաձայնագիր կստորագրեն։ Փորձագետների կանխատեսումներով, սակայն «ծրագրի իրականացման արդյունքում կարող է արտադրվել 4 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանը շուրջ 3,3 միլիարդը ուղարկելու է Իրան, մնացյալը` 0,6-0,7 միլիարդը Հայաստանը կօգտագործի սեփական հայեցողությամբ», - ամիսներ առաջ «Ռոսիյսկի բիզնես կուրիեր» օրաթերթում գրել էր Ռուսաստանի բնական մենաշնորհների հիմնախնդիրների ինստիտուտի վերլուծաբան Իլյա Սոլովյովը։

Փորձագետների խոսքով, այս սխեման ձեռնտու է երկու երկրներին էլ, քանի որ, ըստ էության, այս պահին Իրանը բավարար հզորություններ չունի սեփական ուժերով էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Մաթեմատիկական հաշվարկներից բացի, սակայն, փորձագետներն այստեղ նաեւ քաղաքական ենթատեքստ են տեսնում. «Հասկանալի է` ինչու է Հայաստան-Իրան գազատարը գործարկվում այս պահին. փոխվել են հանգամանքները, իսկ ավելի կոնկրետ` տեղի է ունեցել ռուս–վրացական պատերազմը, վերջնականապես խզվել են երկու երկրների հարաբերությունները, այժմ Վրաստանում բավական անկայուն դրություն է, եւ այդ անկայունությունը վերաբերում է նաեւ ռուս–վրացական հարաբերություններին։ Այդ իսկ պատճառով գուցե անհրաժեշտ է ապահովագրել Վրաստանից եկող գազատարը, եւ միացնել մյուսը, որ գալիս է Իրանի տարածքով», – ասում է Lրատվամիջոցների կովկասյան իստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Շուրջ 200 միլիոն դոլար արժողությամբ գազատարը հանդիսավորությամբ` երկու երկրների նախագահների մասնակցությամբ, բացվել էր դեռեւս երկու տարի առաջ: Հայկական կողմում շինարարական աշխատանքները ավարտվել էին անցած տարեվերջին, ու չնայած դրան, ըստ իրանական կողմի պնդումների, Հայաստանը ամիսներ շարունակ հրաժարվում էր տալ ծրագրի մեկնարկը: «Կողմերը ի սկզբանե պայմանավորվել էին փոխանակումը սկսել դեռեւս 2007 թվականի հունվարին: Սակայն, հայերը հետագայում ասացին, թե պատրաստ չեն», – երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի գազ արտահանող ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ու ընդգծել. – «Այժմ Հայաստանն ասում է, թե պատրաստ է Իրանից գազ ստանալ, եւ մեր այցելության հիմնական նպատակներից մեկը այդ ծրագրի մեկնարկն է»։

Հայկական կողմը պատճառաբանում է, թե առայժմ իրանական գազի կարիքը չունի, եւ մտադիր է գազատարը գործարկել միայն ֆորս–մաժորային իրավիճակներում։ Փորձագետները պնդում են, թե դա ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից հարկադրված քայլ է։

«Իհարկե, գազատարը չի աշխատում ռուսական կողմի ազդեցության պատճառով։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ գազատարի կառուցման փաստը, մի կողմից Միացյալ Նահանգների, մյուս կողմից` Ռուսաստանի դիմակայության պայմաններում, ինքնին հրաշք էր: Սակայն, ես կասեի, որ քաղաքական դիմակայությունն ավելի հզոր էր Ռուսաստանի կողմից», – ասում է Lրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրենը։

Թեեւ գազատարի կառուցման նախնական փուլում Հայաստանը հերքում էր խողովակաշարը Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը, այդուամենայնիվ, 2006 թվականին պարզ դարձավ, որ պաշտոնական Երեւանը համաձայնել է «Գազպրոմ»-ին փոխանցել գազատարի վերահսկողությունը. խողովակաշար, որը, ըստ փորձագետների, կարող էր կենսական օղակ դառնալ էներգետիկ տարանցիկ ուղիներ փնտրող Եվրոպայի համար։ Փոխարենը, այդ տարի «Գազպրոմ»-ը Հայաստանին մատակարարվող գազի համար բավական շահավետ գին սահմանեց` խորանարդ մետրի դիմաց 110 դոլար, ինչը շուկայականից գրեթե երկու անգամ ցածր էր։ Հայ–իրանական գազատարի նկատմամբ հետաքրքրությունը «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները բացատրում էին Հայաստանի մատակարարումները հուսալի դարձնելու ցանկությամբ՝ պնդելով, թե «Վրաստանի տարածքով գազի փոխադրման հետ կապված իրավիճակը կայուն չէ»։

Մինդեռ փորձագետները պնդում են, թե հիմնական շարժառիթը շուկայում մոնոպոլիստ մնալու` «Գազպրոմ»-ի ցանկությունն է, քանի որ Իրանը գազի մատակարարման ծավալներով աշխարհում Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է գրավում.

«Եթե «Գազպրոմ»-ը ձեռք չբերեր Իրան–Հայաստան գազատարի վերհսկիչ փաթեթը, Թեհրանի համար շատ ավելի հեշտ կլիներ մրցակցել «Գազպրոմ»-ի հետ Արեւելյան Եվրոպայի շուկայում», – գործարքից հետո հեղինակավոր «Թայմս» պարբերականին ասել էր «Տրոյկա դիալոգ» ընկերության փորձագետ Վալերի Նեստերովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG