Մատչելիության հղումներ

Սարկոզին խոստացել է չխոչընդոտել հայանպաստ օրինագծին


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժոդովի կողմից ընդունված օրինագծի քննարկումը Սենատում տեղի կունենա մայիսի 4-ին:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Սարկոզին նշել է, թե կառավարությունը թույլ կտա, որ Սենատը ազատորեն կողմնորոշվի իր քվեում, եւ որ ինքն ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Այսինքն, Սարկոզին երաշխավորել է, թե չի ընդդիմանա այդ օրենքի ընդունմանը:

Նա նաեւ շեշտել է, թե շարունակում է անհրաժեշտ համարել Ֆրանսիայում հայերի ցեղասպանության ժխտման դեմ պայքարը, որն «իր համար ցեղատյացության արտահայտություն է»:

Հիշեցնենք, որ ըստ Wikileaks-ի ամիսներ առաջ տված տեղեկությունների, նախագահ Սարկոզին, դրժելով 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հայ համայնքին տված իր խոստումը, ընտրվելուց անմիջապես հետո վստահեցրել էր թուրք իշխանություններին, թե ինքն անելու է ամեն ինչ` հայկական օրինագիծը Սենատում «թաղելու համար»:

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը վերջերս դժգոհություն էր արտահայտել Սարկոզիի որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ սպառնացել էր նրա դեմ օգտագործել ֆրանսահայերի քվեները 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ (ենթադրվում է, որ կես միլիոն ֆրանսահայերի քվեն անհրաժեշտ է Սարկոզիին վերընտրվելու համար):

Սարկոզիի հետ հանդիպմանը ներկա է եղել Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Լեւոն Սահյանը, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, Սարկոզիի որդին` Ժան Սարկոզին, ինչպես նաեւ Ելիսայան պալատի դիվանագիտական խորհրդատու Ժան-Դավիդ Լեւիտը, որին 2007-ին Սարկոզին ուղարկել էր Անկարա` թուրք իշխանություններին վստահեցնելու համար Սենատում հայկական օրինագիծը խափանելու իր մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG