Մատչելիության հղումներ

Մայիսի 8-ի մամուլ


«Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի 1609, 1620, 1643 բանաձեւերի պահանջների կատարման հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ-ի հունիսյան լիագումար նիստի օրակարգ: Թերեւս օրակարգ մտցնելու որոշման հետ են կապված վերջին օրերին քաղաքական շրջանակներում հերթական անգամ ակտիվորեն շրջանառվող խոսակցությունները` հնարավոր համաներման մասին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` հավելելով, որ «այս անգամ համաներման օր է նշվում մայիսի 28-ը»:

Ընտրություններին մասնակցող ուժերի քարոզարշավը գնահատելու խնդրանքով «Ժամանակ»-ը դիմել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, ով հայտարարել է, որ ընտրություններին մասնակցող 7 ուժերից միայն 3-ին կարելի ընտրարշավի լուրջ մասնակիցներ համարել. դրանք են Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Հարություն Քուշկյանի գլխավորությամբ. - «Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա, նրա խոսքով, «Օրինաց երկիր»-ը «քաղաքական դիակ» է, եւ լուրջ հույսեր կապել նրա հետ, որ 2008 թվականի մարտի 1-ի նախօրեին Արթուր Բաղդասարյանի դավաճանությունից հետո Հեղինե Բիշարյանը կարող է ինչ-որ լուրջ նվաճումների հասնել՝ ուղղակի ծիծաղելի է։ Թե՜ «Օրինաց երկիր»-ը, թե՜ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, թե՜ առավել եւս ՀԱՍԿ-ը որեւէ շանս չունեն հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը։ Բադալյանի ներկայացմամբ՝ ընտրություններում լուրջ մասնակից համարվող քաղաքական ուժերի ցանկից պետք է հանել նաեւ Դաշնակցությանը, որովհետեւ բացառվում է, որ այն թեկնածուն, որը քվեարկությունից մեկ ամիս առաջ արմատապես փոխում է իր կերպարը, կարողանա ինչ-որ հաջողությունների հասնել, առավել եւս, որ մինչեւ հիմա էլ անհայտ է՝ նրանք ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն, քանի որ իրենց ընդդիմություն են հռչակել, բայց չեն անում այնպիսի քայլեր, որոնք բնորոշ են ընդդիմադիր ուժին»։

«Տարեգիր»-ը զրուցել է փորձագետ Մանվել Սարգսյանի հետ։ Վերջինս ասում է. - «Համաձայն եմ, որ արտաքին քաղաքական հարցերի միջոցով իշխանությունները ուզում են շեղել հասարակության ուշադրությունը. այդ միտումը կա։ Սակայն ասել, թե մարդիկ անտարբեր են, սխալ կլինի։ Չեմ կարծում, թե ընդդիմադիր ընտրազանգվածը իր ձայնը կտա ՀՅԴ-ին։ Քանի որ գաղափարական առումով ՀՅԴ-ն տարբերվում է Հայ ազգային կոնգրեսից, ունի իր ընտրազանգվածը։ Կարծում եմ նաեւ, որ ոչ թե ձայների բաշխումն է որոշիչ դեր խաղալու, այլ այն մթնոլորտը, որը կարող է ստեղծվել ընտրություններում։ Հայտնի է, որ այս անգամ էլ իշխանությունն ապավինելու է վարչական ռեսուրսներին։ Սակայն կարեւոր է նաեւ, թե որ կուսակցության օգտին է աշխատելու այդ ռեսուրսը։ Հասարակության եւ ընդդիմության խնդիրները տարբեր են։ Հասարակությունը կոնկրետ հարց է դնում՝ ի վիճակի՞ ես փոփոխություններ կատարել, թե՞ ոչ։ Եթե գործով ես կարողանում ապացուցել դա, հասարակությունը միշտ քեզ հետ է լինելու։ Ընդդիմությունն, օրինակ, կարողացավ լուրջ աշխատել եւ հասնել նրան, որ իշխանությունները հրաժարվեն «յոթի գործով» մեղադրանքից եւ հայտնվեն անզոր վիճակում։ Իսկ ընտրությունների արդյունքից կերեւա, թե ժողովրդի պոռթկումը որքանով է վերածվել կայուն քաղաքական հոսանքի։ Բռնությունների աճից երեւում է, որ ուժերի հաշվեկշիռը հօգուտ իշխանությունների չէ»։

«Չորրորդ իշխանություն» թերթին հարցազրույց է տվել Գուրգեն Արսենյանը, որը ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ ասում է. - «Որոշումն իրենք են ընդունել։ Իրենց պատճառաբանությունը չեմ ուզում քննարկել, բայց պետք է ասել, որ լավ օգտագործված մոդել է, որպեսզի կարողանան խուսափել այն պատասխանատվությունից, որը որ շուտով կհայտնվի օրակարգում։ Տնտեսական հնարավոր աղետի պատասխանատվությունն է՝ որպես կառավարության մաս։ Այսինքն, արտաքին քաղաքականության հետ անհամաձայնություն ունենալով, նրանք նաեւ «մեխին էլ են խփում»։ Հիմա նրանք պատասխանատու չեն այն հետեւանքների համար, որը լինելու է։ Մոտ 6 ամիս հետո տնտեսական քաղաքականությունը դառնալու է օրակարգի համար մեկ հարցը։ Շատ է վատանալու վիճակը։ Առայժմ հասարակությունը լուրջ չի համարում նրանց ընդդիմադիր կեցվածքը, որովհետեւ 10 տարի իշխանության մեջ են եղել, իշխանության կրող են։ Այսօր էլ նրանք պահում են խորհրդարանում մի պաշտոն, որը վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին»։

«Հայոց Աշխարհ»-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ասել է. - «Իրավասու չեմ խորհուրդներ տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց լավ կլիներ նա ազնվորեն ասեր, որ իր դիրքորոշումը չի փոխվել, եւ այսօր էլ պաշտպանում է 1997-ի փուլային տարբերակը։ Ի՞նչ է նշանակում՝ 10 տարի չլինել բանակցությունների մեջ, ընդհանրապես քաղաքականության մեջ չլինել, եւ այսօր, երբ բանակցություններում իրոք հօգուտ հայկական կողմի որոշ առաջընթաց է արձանագրվել՝ դա Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման գաղափարն է, որ ներառված է Մադրիդյան սկզբունքներում, հեռվից հեռու ըմբոստության կոչել Ղարաբաղի ժողովրդին»:

«Երկիր»-ը գրում է. - «Յուրահատուկ գաղտնիության մթնոլորտը եւ նկատվող անորոշությունը կարող են կապված լինել երկու հանգամանքի հետ. առաջինը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք է բերվել ինչ-որ պայմանավորվածություն, թեկուզ նախնական, եւ կողմերը կամ կողմերից մեկը զգուշանում է բարձրաձայնել, որովհետեւ վախենում է հասարակության լայն շրջաններին ներկայացնելուց եւ սեփական ժողովրդի կարծիքից: Երկրորդ հանգամանքն այն է, որ հայտարարությունում չկա որեւէ որոշակի պայմանավորվածություն, եւ կողմերը պարզապես համաձայնություն են հայտնել շարունակել բանակցությունները կամ համաձայության են եկել «խաբկանք» հիշեցնող հարցի շուրջ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե «ճանապարհային քարտեզ» կոչվածն ընդամենը բանակցությունների ժամանակացույց է եւ ոչ ավելին: Ստացվում է, որ կա բանակցությունների գրաֆիկ, բայց չկա օրակարգ: Այսինքն` մարդիկ պայմանավորվում են հանդիպել այս, այս ու այն օրերին, բայց դեռ չեն որոշել թե ինչի մասին են խոսելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG