Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը անցկացրեց հերթական հանրահավաքը


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում չորեքշաբթի օրը հանրահավաք անցկացրեց Աջափնյակ համայնքում:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում ասաց, այսօր երեւանցին իրեն պաշտպանված չի զգում, խոստացավ սահմանադրական այդ իրավունքի վերականգնում: Նրա խոսքով, քաղաքում «տարրական կարգուկանոնի հաստատումը» իրենց գերակա նպատակներից մեկն է:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ասելով, որ իրոք մայրաքաղաքում առկա է աղբահանության խնդիրը, հավելեց, որ առավել կարեւոր է «հոգու աղբահանությունը», ինչը կարելի է անել միայն՝ ձայն տալով ընդդիմությանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, առաջիկա ընտրությունները սոսկ քաղաքապետի ընտրություն չէ՝ նոր իշխանության ընտրություն է. - «Այնպիսի իշխանության, որը ժողովրդին բերելու է ազատություն, բարեկեցություն եւ խոհեմ արտաքին քաղաքականություն»:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձեւակերպմամբ՝ առաջիկա ընտրությունները «նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է»:

Հանրահավաքն ավարտվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Ընդդիմության առաջնորդի խոսքով, իրենց նպատակը յուրաքանչյուր երեւանցու բարեկեցության ապահովումն է: Նրա խոսքով, երեւանցին չպետք է ոստիկան տեսնելիս վախենա, այլ պետք է պաշտպան տեսնի նրա մեջ:

Բազմամարդ հանրահավաքին այսօր, բացառության կարգով, չհետեւեց երթ՝ տեղացող հորդ անձրեւի պատճառով:
XS
SM
MD
LG