Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես դադարեցվել է Փաստահավաք խմբի գործունեությունը


Անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը հաստատեց, որ խմբի գործունեությունը, երեկ կայացրած որոշմամբ, ժամանակավորապես կասեցվել է։

«Խոսքը ընդամենը 9 աշխատանքային օրվա մասին է՝ ամսի 4-ից ամսի 18-ը», - ասաց Ստեփանյանը: - «Ամսի 18-ին, մեր որոշման համաձայն, մենք անելու ենք հերթական նիստը»:

Մինչդեռ փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Փաստահավաք խմբի իշխանական թեւը ներկայացնող երկու ներկայացուցիչները եւ խմբի ղեկավարը երեկ որոշում են կայացրել, որ իրենք իրենց արձակուրդ են տալիս երկու շաբաթով՝ առանց լուրջ պատճառաբանումների»:

Եվ այսօր փաստահավաք խմբի երկու անդամներին` Անդրանիկ Քոչարյանին եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին թույլ չեն տվել մտնել Ազգային ժողովի տարածք՝ պատճառաբանելով, թե խումբը արձակուրդ է գնացել։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, փաստահավաք խումբն իր գործունեությունը ինքնակամ դադարեցնելու, արձակուրդ գնալու իրավունք չուներ. - «Փաստահավաք խումբը կարող է չգործել այն ժամանակ, երբ 5 անդամներից 3-ը չեն լինի, կամ իրենք կներկայացնեն Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում իրենց վերջնական զեկույցը»:

Հանրապետության նախագահի անցյալ տարի հոկտեմբերին արձակած կարգադրությամբ՝ «Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաեւ, եթե խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Ժամանակավոր հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով»:

Հանձնաժողովին ինչ-որ փաստեր ներկայացվել են, լրացուցիչ քննություն անցկացնելու պահանջ դեռեւս չի եղել։

Իսկ արդյո՞ք կարող էր փաստահավաք խումբը ժամանակավորապես դադարեցնել իր գործունությունը։ «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Վահե Ստեփանյանը պատասխանեց. - «Դա կանոնակարգված չէ: Ես միանշանակ դժվարանում եմ պատասխանել»:

Ստեփանյանը, սակայն, հավելեց, որ 6 ամիս ամեն օր աշխատելուց հետո օրենքով իրենց արձակուրդ գնալ կարելի էր։

Հնարավո՞ր է, որ կասեցման պատճառ է դարձել այն, որ ապրիլի 30-ին մամուլում հրապարակվել է ժամանակավոր հանձնաժողովին` խմբի ուղարկած փաստաթուղթը ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների, նախաքննության մարմնի թույլ տված սխալների եւ թերությունների վերաբերյալ։ Այս հարցին Ստեփանյանը արձագանքեց. - «Ես միանշանակ չէի կապի մեկը մյուսի հետ»:

Հայ Ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը մտահոգված են այս զարգացումներով, եւ, ըստ երեքշաբթի օրը տարածած հայտարարության, «լուրջ հիմքեր» ունեն հայտարարելու, որ «այդ քայլը կատարվել է իշխանությունների ճնշման ներքո»:

«Մեր այս համոզմունքը խորացնում է հատկապես այն հանգամանքը, որ փաստահավաք խմբի վերոհիշյալ անդամները նման քայլի են դինել այն բանից հետո, երբ փաստահավաք խումբը իր ուսումնասիրությունների առաջին արդյունքը՝ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող նյութերը ուղարկեց մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, եւ դրանք հրապարակվեցին մամուլում», - համատեղ հայտարարությունից մեջբերեց «Ժառագություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Հանրապետության նախագահի կարգադրության համաձայն՝ «Խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ։ Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ։ Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել Խմբի կողմից քննարկվող հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված փաստերը եւ այլն»։

«Այդ փաստաթուղթը չպետք է հրապարակվեր», - կարծիք հայտնեց Վահե Ստեփանյանը: - «Ոչ միայն որովհետեւ նախագահի կարգադրությամբ պետք է վերջնական զեկույցը հրապարակվի, այլ նաեւ մարդկային կամ առօրեական առումով»:

Նա ասաց նաեւ, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է արտահոսք տեղի ունեցել:

Ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա աշխատանքային նիստում քննարկվող հարցերից մեկը հենց այս խնդրին էր վերաբերում։

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարծիքով, խախտվել է նախագահի կարգադրությամբ սահմանված կարգը:

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ, ըստ հրապարակված փաստաթղթի, նախաքննության մարմինը ամեն ինչ արել է՝ թաքցնելու ոստիկանության սպա Թադեւոսյանի ստացած վնասվածքների օջախը։

«Քրեական գործից անգամ անհետացրել են զրահաբաճկոնը, որ եղել է Համլետ Թադեւոսյանի վրա՝ որ կեղծեն այդ օջախի վայրը», - ասաց Զուրաբյանը: - «Իրականում պայթյունը տեղի է ունեցել, ինչպես դա բացահայտում է փաստահավաք խումբը, գոտկատեղի մասում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նռնակը եղել է հենց Համլետ Թադեւոսյանի հետ: Եվ միայն շնորհիվ թերթի հրապարակման, մենք իմանում ենք, որ այն հանձնաժողովը, որը ստեղծված էր հրապարակայնորեն քննարկելու բոլոր երես եկած հանգամանքները, փաստորեն մեկ շաբաթ շարունակ թաքցրել է փաստահավաք խմբի կողմից մատուցած ճշմարտությունը»:

Ժամականավոր հանձնաժողովի այսօրվա աշխատանքային նիստում որոշվեց հրավիրել Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանին՝ պարզաբանումներ ստանալու։

Տեղեկացնենք, որ երեկ երեկոյան հատուկ քննչական ծառայությունը Սամվել Նիկոյանին է ուղարկել փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ իր մեկնաբանությունները։ Ըստ այդմ՝ «Փաստաթղթում ակնհայտորեն խեղաթյուրվել են ինչպես քննության նյութերը, փորձաքննությունների եզրակացությունները, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից փաստահավաք խմբին տրված բացատրությունները։ Բայց նախաքննության մարմինն ընդունում է, որ Համլետ Թադեւոսյանի հագուստների զննման եւ հետագա փորձաքննությունների ընթացքում տեղի են ունեցել բացթողումներ, մասնավորապես, որ մյուս հագուստների հետ զրահաբաճկոնը չի ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն եւ մինչեւ այս տարվա փետրվարի 3-ը մնացել է ոստիկանության կենտրոնի քննչական բաժնի իրեղեն ապացույցների սենյակում»:

Ժամանակովր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, կարծիքով մարտի 1-ի իրադարձությունները «փորձում են դարձնել նախընտրական ժամանակաշրջանում անբարո շահարկվող առարկա»:

Իսկ Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, նախաքննության մարմինը «զբաղվել է ապօրինի մի գործընթացով, որի հետեւանքով կոծկել են իրական հանցագործների կատարած գործը եւ փորձել են մեղքը բարդել ընդդիմության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG