Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «պատրաստ է աջակցել հայ-թուրքական մերձեցման հարցում»


Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ընդդիմադիրների երթը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է ընդդիմադիրների երթը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ուրբաթ օրը անցկացրած հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը «հատուկ գնահատականի» արժանացրեց հայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը:

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնականում կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ «պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին». - «Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»:

«Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

«Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը: Խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը», - շարունակեց նա: - «Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ»։

Հայաստանի առաջին նախագահի կարծիքով, դիվանագիտական պարտության հիմնական մեղավորը Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանություններն էին` հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք «բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը` այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի»։

«Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլը, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

«Այդուհանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը նաեւ քննադատեց իշխանություններին` Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման եւ դրամի արժեզրկման հետեւանքով` «ազգային հարստության բացահայտ կողոպուտի» համար: Տնտեսական վիճակի առումով էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները լավատեսական չէին: Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում տնտեսական կայունացման մասին «խոսք անգամ լինել չի կարող»:

«7-ի գործի» կապակցությամբ Տեր-Պետրոսյանը ասաց. - «Քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված մեղադրանքի վերացմամբ, իշխանությունները «փաստորեն խոստովանեցին, որ յոթի գործը սկզբից եւեթ շինծու է եղել»:

Ինչ վերաբերում է «զանգվածային անկարգությունների իրական կազմակերպիչներին ու իրականացնողներին», առաջին նախագահը ասաց. - «Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1 ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից»։

Նրա ելույթի վերջին հատվածը նվիրված էր Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին. - «Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եւ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը»։

Ընդդիմության հանրահավաքը ավարտվեց երթով: Երթի մասնակիցները Երեւանի Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով հասան մինչեւ Հյուսիսային պողոտա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG