Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է


Դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Հայաստանի իշխանություններին կոչ է արել «արագ եւ մանրակրկիտ կերպով» հետաքննել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ երեկ կատարված բռնությունը:

Հայաստանի արտգործնախարար Էվարդ Նալբանդյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված նամակում Հարաշտին, մասնավորապես, ասել է. - «Lրագրողների դեմ կատարված բռնությունների գործերով արդյունքների բացակայությունը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում հանցագործների համար եւ կարող է հրահրել այդօրինակ նոր դեպքեր»:

Ընդգծելով, որ դեռեւս չեն բացահատվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Lուսինե Բարսեղյանի, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված բռնությունները` ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան հորդորել է Հայաստանի իշխանություններին «հետաքննել լրագրողների դեմ կատարված բոլոր բռնությունների դեպքերը, ինչպես նաեւ հրապարակայնորեն վերահաստատել Հայաստանի լրագրողների անվտանգությունն ապահովելու իրենց հաստատակամությունը»:

«Արմենիա Թուդեյ» գործակալության խմբագրի նկատմամբ երեկ տեղի ունեցած բռնության առիթով մտահոգություն է հայտնել նաեւ «Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։

«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների մտահոգիչ աճ է արձանագրվում, եւ այս վերջին դեպքը պետք է շատ լուրջ վերաբերմունքի արժանանա», - հայտարարել է կազմակերպությունը եւ կոչ արել Հայաստանի իշխանություններին անել ամեն հնարավորը` այդ «փոքրոգի եւ ստոր հանցագործությունը» բացահայտելու համար։
XS
SM
MD
LG