Մատչելիության հղումներ

Խոչընդոտվում է մարդկանց մուտքը Երեւան


Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Գյումրի - Երեւան ավտոճանապարհին, 1-ը մայիսի, 2009 թ.
Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Գյումրի - Երեւան ավտոճանապարհին, 1-ը մայիսի, 2009 թ.
Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքային տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ:

«Մարզային տրանսպորտը կրկին կանգնեցվել է: Այսինքն՝ մեկ ուղղությամբ է աշխատում՝ միայն Երեւանից դեպի մարզեր: Մարզերից դեպի Երեւան չի աշխատում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: - «Զուգահեռ ոստիկանությունը խաչմերուկներում կամ ոստիկանության համապատասխան անցակետերում ստուգումներ են անցկացվում»:

Երեւանից մարզեր մեկնող եւ մարզերից Երեւան եկող երթուղայինների ավտոկանգառներում մարդիկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առավոտվանից երթուղայիններ չկային:

«Լսեմ եմ, որ այսօր ցույց է լինելու, դրա համար չկա», - ասաց նրանցից մեկը:

«Տրանսպորտ չկա, որ միտինգ չգան ժողովուրդը», - հավելեց մեկ ուրիշը:

Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին այսօր ահազանգեր եղան Եղեգնաձորից, Սիսիանից, Աբովյանից, Աշտարակից, Սիսիանից, Վանաձորից, Գյումրիից, Իջեւանից, երկրի այլ բնակավայրերից:

Քաղաքների ելքերի մոտ, Երեւան տանող ավտոճանապարհերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կանգնեցնում էին Երեւան ուղեւորվող մեքենաները, ստուգումներ իրականացմում:

Աբովյան քաղաքից ելքը, օրինակ, հսկում էին Կոտայքի մարզի բարձրաստիճան ոստիկանները:

«Ստուգում ենք կասկածելի մեքենաները, զենք-զինամթերք ենք հայտնաբերում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ արդեն հայտնաբերել են, բայցեւ հրաժարվելով ասել, թե ինչպիսի զենք եւ ինչ քանակությամբ. - «Դուք տվյալներ եք ուզում, որը պետք չի ասել»:

Գյումրիի ոստիկանները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե «կասկածելի մեքենաները արդեն ճանաչում են տեսքից ու համանիշներից»: Նրանք կտրականապես հերքեցին, թե իրենց գործողությունները որեւէ կապ ունեն երեւանյան հանրահավաքի հետ. - «Ի՞նչ միտինգ: Մեզ ինչ պետք է միտինգը»:

Գյումրիից Երեւան միկրոավտոբուսներն այսօր դատարկ էին մեկնում:

Մարզերից Երեւան եւ հակառակը ուղերթներում աշխատող միկրոավտոբուսների վարորդները, մինչդեռ, ասում էին, որ իրավապահները պարզապես թույլ չէին տալիս մարդկանց Երեւան հասնել:

«Աբովյանի պոստի մոտ չթողեցին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Դիլիջանից Երեւան ուղեւորներ տեղափոխող միկրոավտոբուսի վարորդը: - «Ուղեւորներին իջեցրեցին»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանության կողմից ճանապարհները փակելու հրահանգ չի եղել. - «Ոչ մի ճանապարհ մենք չենք փակում, ոչ մեկի չենք խոչընդոտում: Բացարձակապես ազատ մարդիկ կարող են տեղաշարժվել, ազատ կարող են մասնակցել այսօրվա հանրահավաքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG