Մատչելիության հղումներ

Ապրիլի 29-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ վերջին արտաքին քաղաքական զարգացումների առանցքում ոչ թե հայ - թուրքական հարաբերություններն են (որոնց կարգավորումը, ինչպես համոզվեցինք, շատ մշուշոտ հեռանկարներ ունի), այլ հենց Ղարաբաղի հարցը: Այս խաղի հիմնական մասնակիցների ուժերը զգալիորեն անհավասար են, առանց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնության` այս տարածաշրջանում էական հարցեր չեն լուծվի, Թուրքիան կարող է շոշափելի ազդեցություն ունենալ այդ հարցերի վրա, Ադրբեջանը հնարավորություն ունի երբեմն ինքնուրույն քայլեր անելու, իսկ մենք կարող ենք միայն օգտվել մնացած խաղացողների հակասություններից»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. – «Հայ հեղափոխական դաշնակցությունը ընդդիմություն դարձավ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2008-ի նախագահական ընտրություններից առաջ: Բնականաբար, նույնը պիտի տեղի ունենար նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների շեմին: Իսկ առիթ միշտ էլ կգտնվի. Իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ իշխանությունների կողմից Երեւանի կենտրոնում Հայաստանի 10 քաղաքացիների սպանությունը Դաշնակցությանը չդրդեց դուրս գալ կոալիցիայից: Ընդհակառակը՝ Դաշնակցությունը որոշեց կրկնակոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ: Ավելին՝ Դաշնակցությունը մարտիմեկյան սպանությունները ակտիվ արդարացնողի դերում է հանդես գալիս մինչեւ օրս: Բայց ահա Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին կրկին անցնում են հին, ծանոթ ձեռագրին»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դաշնակցության կոալիցիայից դուրս գալով՝ «ժառանգություն» - ՀՅԴ համագործակցության դաշտը չի՞ մեծանում, համատեղ աշխատանքի ավելի լայն ճակատ չի՞ ստեղծվում»: Խաչատրյանն արձագանքում է. - «Իհարկե, անվիճելի է, որ համագործակցության դաշտը մեծանում է: Սակայն շփման եզրեր գտնելու համար անհրաժեշտ է գործողությունների որոշակի տրամաբանություն, որպեսզի տեղի ունենա մերձեցում, ստեղծվեն նոր կոնտակտներ, ընդհանուր կետեր, ընդհանուր ուղեգիծ: Ինձ անհեթեթ հարց տվեցին՝ ճի՞շտ է, որ «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը միավորվում են, ստեղծվում է ինչ-որ միասնական միավոր: Այդ խոսակցությունները ժամանակավրեպ են, նաեւ՝ իրավական առումով արդարացված չեն»:

«Կապիտալ»-ը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ: Նույն հարցի մասին նա ասում է. - « Ես էլ չեմ բացառում համագործակցությունը, սակայն դրա ձևաչափը պարզ կդառնա քննարկումների արդյունքում: Նշեմ, որ քննարկումներ դեռ չենք սկսել»: Լրագրողը հարցնում է. - «Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում համագործակցել ՀԱԿ-ի հետ, քանի որ նրանք չունեն գաղափարական ընդհանրություններ: Իսկ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն գաղափարական ընդհանրություններ ունե՞ն: Ի՞նչը կարող է միավորել ձեզ»: Մարտիրոսյանը պատասխանում է. - «Մեզ կարող է միավորել ազգային գաղափարախոսությունը: «Ժառանգությունը» ազգային-ազատական, իսկ Դաշնակցությունը ազգային-սոցիալիստական կուսակցություն է: Երկուսն էլ ունեն ազգային հենք: Սակայն ցանկացած պարագայում կուսակցությունների համագործակցության համար կարեւոր է ոչ միայն գաղափարախոսությունը, այլեւ աշխատաոճը եւ այն շրջանակը, որտեղ իրականացվում է գործունեությունը: Քաղաքական դաշտում կա բաց, եւ կարծում եմ, որ Դաշնակցությունը կարող է այդ բացը լրացնել»:

«Չորրորդ իշխանություն»-ը նույնպես անդրադարձել է Դաշնակցության ընդդիմադիր դառնալուն. - «Հայաստանի առջեւ այսօր կա երկու կարեւորագույն խնդիր՝ Ղարաբաղյան խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Եվ երկու հարցում էլ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ տարաձայնություններ կան: Պարզ ասած՝ դաշնակները գտնում են, որ կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դեմ է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին: Իրավացի են նրանք, թե ոչ՝ այլ հարց է, բայց եթե որեւէ ուժ գտնում է, որ իշխանություններն իրենց քաղաքականությամբ լրջագույն վնաս են հասցնում պետական շահերին, այդ ուժը պարտավոր է պահանջել իշխանությունների հրաժարականը, եւ ոչ թե մի կողմ քաշվել ու հեռվից «կառուցողական» համագործակցել»:

«Հրապարակ» թերթը խմբագրականում անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի վարքին. - «Այժմ առավել անհասկանալի է այն ուժերի պահվածքը, որոնք իբր դեմոկրատական արժեքների կրող են, ազատականության ջատագովը: Որոնք տարիներ շարունակ խոսել են սահմանների բացման, հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, Հայաստանը ճանապարհների խաչմերուկ դարձնելու մասին: Եթե քո գաղափարներն իրականացնում է քո կողմից մերժելի իշխանությունը, դա դեռ պատճառ չէ նրա արածը փնովելու համար: Մյուս կողմից, հասկանալի է Սերժ Սարգսյանի մարտավարությունը: Նա չկարողացավ հասնել երկրի ներսում իր ժողովրդի աջակցությանը եւ ապավինեց արտաքին ուժերին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո նրա դիրքերը խիստ կամրանան, եւ նա Արեւմունքի համար կդառնա ամենացանկալի նախագահն այս տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG