Մատչելիության հղումներ

Հայաստանում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել


Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հավաստմամբ, Հայաստանում մարդկանց շրջանում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել, եւ իրավիճակը այս առումով հանգիստ է:

«Մասնագետները աշխատանքներ տանում են», - հավելեց նա՝ որպես լրացուցիչ փաստարկ բերելով. - «Մեզ շրջապատող բոլոր երկրներում եղան թռչնագրիպի դեպքեր, մեզ մոտ չեղան»:

Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության պետ Գրիգորի Բաղյանի խոսքերով, կենդանիների շրջանում նույնպես դեպքեր չեն արձանագրվել: Նրա հավաստմամբ, սահմանային հսկիչ կետերում տրասպորտային միջոցները ախտահանվում են: Ըստ Բաղյանի մի շարք երկրներից Հայաստան մսամթերքի ներկրումը արգելվել է:

«Ամսի 26-ից արգելվել է Մեքսիկայից բոլոր տեսակի կենդանական ծագման մթերքների ներկրումը, իսկ Ամերիկայից, Անգլիայից եւ մնացած երկրներից, որտեղ արձանագրվել է այդ հիվանդությունը՝ խոզ ու խոզամթերքի ներկրումը», - հայտարարեց Բաղյանը:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ, հաշվի առնելով աշխարհում այս հիվանդության դեպքերի կտրուկ աճը, արդեն 3 օր «Զվարթնոց» օդանավակայանում բժշկական հսկողություն է իրականացվում, մասնավորապես, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից եւ Իսպանիայից ժամանող ուղեւորների նկատմամբ:

Սահակյանի փոխանցմամբ, այսօրվանից նման հակողություն է իրականացվում նաև բոլոր սահմանային անցակետերում:

Գայանե Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը ապահովված է այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներով;

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG