Մատչելիության հղումներ

Արզումանյանն ու Սիրունյանը հրաժարվեցին ցուցմունք տալ


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը հրաժարվեցին ցուցմունք տալուց՝ փաստարկելով, թե քրեական գործը «շինծու է, եւ հարուցվել է քաղաքական դրադապատճառներով»։

Մինչ այդ գործով դատակոչված 15 վկաներից դատարանում արդեն ցուցմունք էին տվել 11-ը։ Երկու վկայի ցուցմունքից մեղադրող կողմը դեռ նախորդ նիստին հրաժարվել էր։

Վկաներից մեկը գրավոր տեղեկացրել էր դատարանին, որ բացակայում է հանրապետությունից։

Իսկ այսօր դատարանի որոշմամբ բերման պետք է ենթարկվեին վկաներ Հմայակ Գալստյանը եւ Գառնիկ Դանիելյանը։ Ներկայացել էր միայն Գալստյանը։ Մյուս վկայի վերաբերյալ Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկացրել էին, որ վկան հանրապետությունւմ չէ, նրա գտվելու վայրի մասին էլ որեւէ տեղեկություն չկա։

Հմայակ Գալստյանը դատարանում հայտարարեց, որ մարտի լույս 2-ի գիշերը իրեն ուժի գործադրմամբ տարել են 6-րդ վարչություն, ծեծի ենթարկելով, կիսագիտակից վիճակում պարտադրել են ցուցմունք գրել։

Հետագայում վկային նորից հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում՝ նախ առանձին, ապա առարես իրեն բերման ենթարկողների հետ։ Ըստ քրեական գործի, վկան չի ճանաչել նրանց, սակայն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն բերման ենթարկողներին ընդհանրապես չի տեսել, որովհետեւ ոմանք դիմակով էին, մյուսներին էլ տեսնելու հնարավորություն պարզապես չի ունեցել։

Վկան չէր ճանաչում Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին: Վերջիններիս, իր խոսքով, տեսել է հեռուստաեթերով։ Ճանաչում էր, սակայն, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին։

Մեղադրող կողմի հարցերին, որոնք վերաբերում էին Մյասնիկ Մալխասյանին, վկա Գալստյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե այդ հարցերին կպատասխանի Մալխասյանի դատաքննության ժամանակ. - «Այդ հարցերն այս քրեական գործի հետ կապ չունեն»։

Դատակոչված, բայց դատարան այդպես էլ չներկայացած վկա Գառնիկ Դանիելյանի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին մեղադրող Կորյուն Փիլոյանի միջնորդությամբ։ Դրանք էլ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի եւ նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, որեւէ առնչություն չունեն այս քրեական գործի հետ։

Վկաների հարցաքննությունից հետո ցուցմունք պետք է տային Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Սիրունյանը։ Երկուսն էլ,սակայն, հրաժարվեցին թե՜ ցուցմունքից եւ թե՜ կողմերի հարցերին պատասխանելուց։

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG