Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում՝ Երուսաղեմում


Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնը, ինչպես եւ ամեն տարի, երեկ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո:

Համալսարանի «Բեյտ Բելգիա» (եբրայերենից թարգմանաբար՝ «Բելգիական տուն») մասնաշենքի դահլիճը մարդաշատ էր: Բազմաթիվ պրոֆեսորներ, հրեա քաղաքական գործիչներ էին եկել իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:

Բացման խոսքով հանդես եկավ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածոց տեսուչ Բագրատ վարդապետ Բորջեկյանը՝ կարեւորելով համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատանքն ու ավանդը հայագիտության ոլորտում:

Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ներկայացրեգ իր վերլուծությունը Իսրայելի էլիտար քաղաքական եւ այսպես կոչված բարոյական ինստիտուտների միջեւ գոյություն ունեցող տարբերության վերաբերյալ: Ելնելով զուտ քաղաքական նպատակներից՝ Իսրայելի այս էլիտան միշտ ժխտողական կեցվածք ունի հայկական հարցի նկատմամբ, ի տարբերություն բարոյական բնորոշված ակադեմիական ինստիտուտների ու ժողովրդի վերաբերմունքից, ասաց Մոմջյանը:

Միջոցառման մշակութային մասում ելույթ ունեցավ Երուսաղեմի «Անդրանիկ» ժողգործիքների համույթի մենակատար, դուդուկահար Աշոտ Սահակյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի միակ դասախոս, ազգությամբ իտալացի Սերջիո Լա-Պորտան համոզմունք հայտնեց, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «քանզի ժխտել՝ նշանակում է նաեւ ոտնահարել իր հայ քաղաքացիների իրավունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG