Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայում ընտրողների հետ հանդիպումները չեն արտոնվել


Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հյուսիսային պողոտայում ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումները, միաժամանակ ի գիտություն ընդունելով մայրաքաղաքի այլ վայրերում հանդիպումներ անցկացնելու դիմումները:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով, առաջնորդվելով ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով, որն ամրագրում է, թե նախընտրական քարոզչությունը ի թիվս այլ միջոցների, կարող է անցկացվել նաեւ հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու միջոցով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը գրավոր իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին։

«Այսօր քաղաքապետարանը մերժեց Հայ ազային կոնգրեսի հայտը` անցկացնել նախընտրական հանդիպում ընտրողների հետ Հյուսիսային պողոտայում: Ներկայացվել էր թվով 13 իրազեկում, որոնցից 11-ը մերժվեց», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կարապետյանը: - «Հիմնավորումը միակն է. ոստիկանության գրությունը առ այն, թե հանդիպումները կխանգարեն որոշ տնտեսվարող օբյեկտների»:

Կարապետյանի գնահատմամբ, իշխանությունները նախընտրական փուլում ընդդիմության քարոզչության համար ստեղծում են անհավասար պայմաններ` հարուցելով անհաղթահարելի խոչընդոտներ։ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է կրկին իրազեկել Երեւանի քաղաքապետարանին ընտրողների հետ իրենց առաջիկա հանդիպումների մասին։

Այդուհանդերձ, մերժումներից բացի քաղաքային իշխանություններն ի գիտություն են ընդունել ընտրողների հետ Նորք-Մարաշ եւ Ավան համայնքներում հանդիպումներ անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները։

Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի փոխարինող Իրինա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե քաղաքապետարանը գործել է օրենքի շրջանակներում:

Հարցին, թե արդյոք քաղաքային իշխանությունները, մերժելով Հյուսիսային պողոտայում ընտրողների հետ հանդիպումները, չե՞ն ոտնահարել Հայ ազգային կոնգրեսի եւ նրա ընտրողների իրավունքները, պատասխանեց. - «Եթե լիազոր ներկայացուցիչը առաջարկում է նույն վարչական տարածքում գտնվող այլ վայր, ես չեմ կարծում որ կոնկրետ իրավունքների խոչընդոտի մասին խոսք կարող է գնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG