Մատչելիության հղումներ

Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի ոչ լրիվ կազմով


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներ՝ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Հանրապետական խմբակցությունից Գրիգորի Մարգարյանը չեն մասնակցի Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանին, որը մեկնարկելու է երկուշաբթի օրը:

Ի տարբերություն Զոհրաբյանի եւ Մարգարյանի, որոնք նստաշրջանին չմասնակցելու որոշումը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պայմանավորեցին անձնական պատճառներով եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նախապատրաստմամբ, Ռուստամյանը վկայակոչեց նաեւ քաղաքական դրդապատճառներ: «Կոալիցիայում լինել-չլինելու խնդիրը պետք է քննարկվի, եւ առանց Գերագույն մարմնի ներկայացուցչի դա հնարավոր չի լինի անել», - ասաց նա:

Իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը, անընդունելի որակելով Թուրքիայի հետ համատեղ հայտարարություն ստորագրելու` Հայաստանի արտտործնախարարության քայլը, երեկ հայտարարել է, թե առաջիկա օրերին քննարկելու է կոալիցիայի կազմում մնալ-չմնալու հարցը: Արմեն Ռուստամյանը հենց այս վերջին օրերին է որոշել չմեկնել Ստրասբուրգ, թեեւ նստաշրջանում նրա ելույթը ծրագրված էր:

Հարցին` արդյոք սա Դաշնակցության բողոքի արտահայտությո՞ւնն է, Ռուստամյանը արձագանքեց. - «Սա դեմարշի խնդիր չէ, բացարձակապես կապ չունի նման իրավիճակի հետ, այդ կոնտեքստում պետք չէ նայել հարցը: Սա դեմարշ չէ, որովհետեւ ես շարունակելու եմ աշխատել անկախ ամեն ինչից` կոալիցիայում կլինենք, թե ոչ: Եվրախորհրդի գործունեությունը ես չափազանց կարեւորում եմ»:

ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելու երկրորդ պատճառը, ըստ Ռուստամյանի, այն է, որ ինքը Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարում է Դաշնակցության նախընտրական շտաբը եւ քարոզարշավի մեկնարկի օրը երկրից բացակայել չի կարող:

Նույնը պատճառը վկայակոչեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

«Ես երկու զեկույց էի նախապատրաստել, մեկը` մարդու իրավունքների հանձնակատարների վերաբերյալ, եւ երկրորդը` հանրային հեռարձակողի, բայց քանի որ ես Երեւանի ավագանու ընտրություններին մեր քարոզչության պատասխանատուն եմ, կուսակցությունը նպատակահարմար գտավ, որ ես չմեկնեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում Ստրասբուրգ են մեկնում Ավետ Ադոնցը, Հերմինե Նաղդալյանը, Արծրունի Աղաջանյանը, ընդդիմությունն այժմ ներկայացնում է «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը:

Վեհաժողովի այս լիագումար նստաշրջանի օրակարգում Հայաստանի հարցը չի ընդգրկվել, բայց նստաշրջանին զուգահեռ` Մոնիթորինգի հանձնաժողովը նիստ է գումարելու, որտեղ գնահատվելու է նաեւ Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման ընթացքը, եւ ըստ այդմ էլ կորոշվի ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանում Հայաստանի հարցը ընդգրկել-չընդգրկելու հարցը:

Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, որ ինքը կարող է հնարավորություն չստանալ մասնակցելու Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, եւ ընդդիմադիր տեսակետ այնտեղ կարող է չհնչել, քանի որ նախկինում Րաֆֆի Հովհաննիսյանն էր հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացնում, եւ այժմ իրեն ընդգրկելը ընթացակարգային հարցերի հետ է կապված: Այդուհանդերձ, Փոստանջյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից երեք ելույթի համար հերթագրվել է եւ մտադիր է մարդու իրավունքներին առնչվող թեմայի շրջանակներում բարձրաձայնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, «Մարտի 1»-ի զոհերի պատասխանատուներին պատժելու խնդիրները:

«Առաջ պետք է քաշեմ բոլոր հրատապ խնդիրները, իսկ հրատապ խնդիրների մեջ են մտնում այն անձինք, ովքեր գտնվում են բանտախցերում, եւ այն տուժողի իրավահաջորդների իրավունքներին է վերաբերում, ովքեր կորցրել են իրենց զավակներին, ամուսիններին եւ հարազատներին: Առաջին հարցերը դրանք պետք է լինեն: Եվ, իհարկե, խոսելու եմ նաեւ խոսքի ազատության վերաբերյալ, մեր ազատ սահմանադրական իրավունքները իրացնելու հարցերի վերաբերյալ: Հերթագրվել եմ ելույթների համար. եթե հերթը չի հասնում եւ շատ են հերթագրվածները, այնուամենայնիվ, այն տեքստը, որը ես ունեմ, պարտադիր ներառվելու է արձանագրության մեջ եւ պարտադիր փաստացի հրապարակման ենթակա է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Զարուհի Փոստանջյանի ելույթներից բացի, Վեհաժովին ներկա պատվիրակության այլ անդամների ելույթներ առայժմ նախատեսված չեն. մյուս հերթագրվածները Արմեն Ռուստամյանն ու Նաիրա Զոհրաբյանն էին, սակայն նստաշրջանին մասնակցությունից նրանց հրաժարվելը փոխել է իրավիճակը:

Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի կիրակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG