Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ը՝ Սփյուռքի համայնքներում


Փարիզ. հայկական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները միասին նշում են Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը, 19 ապրիլի, 2009
Փարիզ. հայկական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները միասին նշում են Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը, 19 ապրիլի, 2009

Այս օրերին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվում Սփյուռքի համայնքներում՝ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Ամերիկայում եւ այլուր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոսկովյան միջոցառումների ցանկը բավական երկար է:

Նախ, առավոտյան ժամը 10:00-ին բողոքի արտոնված ցույց է կայացել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ, որտեղ
Հայ ցուցարարները Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ, 24 ապրիլի, 2009
հավաքվել էին մի քանի տասնյակ հայ երիտասարդներ, տարբեր կազմակերպությունների ակտիվիստներ:

Կեսօրին մոսկվայաբնակ հայերը հավաքվել են կառուցվող հայկական եկեղեցու բակում: Այստեղ էին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը` միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:

Հայ - թուրքական հարաբերություններին վերաբերող վերջին հայտարարությունը մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան, Արա Աբրահամյանը ասաց. - «Այսօր գնահատական տալ այդ հայտարարություններին` ինձ թվում է, մի քիչ շուտ է, որովհետեւ մենք չունենք լրիվ տեքստը եւ չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ ունեն: Բայց, ամեն դեպքում, Ռուսաստանի հայերի միությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը միշտ կողմ են եղել ուղիղ երկխոսությանը, եւ միշտ մենք ողջունել ենք, որ Հայաստանը կարողանա ուղիղ երկխոսության մեջ լինի Թուրքիայի հետ: Շատ կարեւոր է, որ ոչ մի նախապայման չլինի, մենք սկսենք բարեկամություն անելը, մենք սկսենք հարեւանություն անելը»:

Հայկական եկեղեցու բակում հավաքվել էր մի քանի հազար մարդ, մարդկանց հոսքը շարունակվում էր մի քանի ժամ:

Ժամը 14:00-ին հանրահավաք է կայացել Մոսկվայի կենտրոնում, որտեղ ելույթ են ունեցել նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել են Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված այլ միջոցառումներ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները ցեղասպանությանը անդրադարձել են ոչ միայն այսօր, այլեւ երեկ. գրեթե բոլոր կենտրոնական հեռուստաընկերություններն անդրադարձել են հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին հայտարարությանը եւ այս առիթով խոսել նաեւ ցեղասպանության մասին:

Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետարանում փարիզահայերի մեծ բազմություն էր հավաքված` համայնքի հոգեւոր ու քաղաքական պատասխանատուներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այստեղ էին նաեւ Հայաստանի դեսպանատան հավատարմատար Համլետ Գասպարյանը եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Փարիզի քաղաքապետ Բերտրան դե լա Նոեն ողջունեց ներկաներին ելույթով, որում հիշեցրեց, որ արդեն 9-րդ տարին է, ինչ «միասին հարգանք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», ապա կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Ֆրանսահայ համայնքի կազմակերպությունների համակարգող հանձնախմբի նախագահ Ալեքսի Գովչյանը իր ելույթում կանգ առավ հատկապես Թուրքիայի ժխտողականության վրա: «Կան ողջունելի քայլեր, բայց մենք դեռ շատ հեռու ենք ցեղասպանության ճանաչումից», - ասաց Գովչյանը` ընդգծելով ժխտողականության համար պատիժ սահմանող օրենքի` Սենատի կողմից վավերացման անհրաժեշտությունը:

Համլետ Գասպարյանը նախ հիշեց Հայաստանը, ուր այսօր սգի օր է, ապա եւ ամբողջ աշխարհի հայությանը, որը «մեզ հետ է այսօր` բաժանելու մեր կսկիծը»: Հայաստանի դեսպանատան հավատարմատարը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային` ցեղասպանության հարցում նրա դրսեւորած խիզախ դիրքորոշման համար:

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ դիվանագետը նշեց, թե այն չի նշանակում խնդրո առարկա դարձնել ցեղասպանության ճանաչումը:

Գասպարյանն իր ելույթն ավարտեց լավատեսական խոսքերով, թե ուզում է հավատալ, որ մի օր Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կգան խոնարհվելու ցեղասպանության հուշարձանին, եւ որ մի օր Սիամանթոյի եւ Վարուժանի հուշարձանները կկանգնեցվեն Թուրքիայում:

Տարիների ընթացքում Փարիզի քաղաքապետարանի ընդունելությունները դարձել են ապրիլյան ոգեկոչումների հիմնական փուլերից մեկը, ավելին` ամեն ինչ սկսվում է այստեղից, թեեւ երեկ երեկոյան արդեն հարյուրավոր փարիզահայ երիտասարդներ համախմբվել էին Փարիզի կենտրոնական «Ռեփյուբլիք» հրապարակում` հիշեցնելու այդ բանուկ թաղամասի անցորդներին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Այսօր Փարիզում նախատեսված են Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված այլ միջոցառումներ եւս: Մասնավորապես, երեկոյան ծաղկեպսակներ կդրվեն Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի մոտ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումները Իսրայելում մեկնարկել են դեռ երեկ երեկոյան` Երուսաղեմի հայկական թաղամասում կազմակերպված ջահերով երթով, որից հետո հայկական գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրվել հայ մարտիկների հուշարձանին:

Այսօր Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դիմաց իսրայելահայերի «Նաիրի» եւ «Արարատ» միությունները` «Հոմենընթմեն»-ականների հետ միասին, կազմակերպել են բողոքի ցույց: Չնայած Թել Ավիվի քաղաքապետարանը արտոնություն տվել էր ընդամենը 200 քաղաքացու համար, սակայն հավաքվել էր մոտ 350 մարդ:

«Թուրքիան մեղադրվում է ցեղասպանություն կազմակերպելու մեջ», «Հայերն արդարություն են պահանջում», «Ժխտել` նշանակում է կրկին թույլ տալ ցեղասպանություն». - այսպիսի պաստառներով հայերը ժամը 14:00-ից հավաքված էին թուրքական դեսպանատան դիմաց:

Այսօր առավոտյան ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Իսրայելի այլ քաղաքներում հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունեցել:

Հայոց ցեղասպանության տարելիցը Հարավային Ամերիկայի հայերը այս օրերին նշում են տարբեր միջոցառումներով: Չիլիի փոքրաթիվ համայնքը, մասնավորապես, արարողությունը կազմակերպել է շաբաթ օրը հայկական ակումբում:

Բուենոս Այրեսի հայկական եկեղեցում կայացած արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Բուենոս Այրեսի կառավարիչ Մուրիսիո Մակրին:

Մոնտեվիդեոյի «Արմենիա» հրապարակում ելույթ է ունենալու Ուրուգվայի մշակույթի նախարարը, երկրի խորհրդարանում եւս ելույթ կունենան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ծրագրվում են նաեւ կրոնական էկումենիկ եւ մշակութային հանդիսություններ, այդ թվում` ամերիկյան «Ճչացողները» փաստագրական ֆիլմի ներկայացումը` նրա հեղինակ Կարլա Կարապետյանի ներկայությամբ:

Առաջիկա օրերին Ուրուգվայ են այցելելու թուրք գործարարներ եւ Թուրքիայի արտաքին առեւտրի փոխնախարարը: Նրանք Ուրուգվայի իշխանությունների օգնությամբ ծրագրում են անցկացնել գործարար համաժողով: Որոշ հրավիրված ուրուգվայական ընկերություններ հրաժարվել են մասնակցել համաժողովին` պատճառաբանելով, թե չեն ուզում տնտեսական կապեր ունենալ ցեղասպան պետության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG