Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ընդդեմ ընդդիմադիր թերթի


Քոչարյանների ընտանիքը (աջից առաջինը՝ Լեւոն Քոչարյանը )
Քոչարյանների ընտանիքը (աջից առաջինը՝ Լեւոն Քոչարյանը )
Այսօր Կենտրոն – Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցի դատաքննությունը: Ընդդիմադիր թերթի դեմ հայցը ներկայացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը` «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով։

Դատական նիստին ներկայացում էր միայն հայցվորը` ի դեմս Լեւոն Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արփինե Մելիքբեկյանի։ Պատասխանող կողմի ծանուցագիրը եւ կցված բոլոր փաստաթղթերը հետ էին վերադարձվել դատարան՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից։

Ընկերության տնօրենի կողմից դատարանին ներկայացվել էր նաեւ փաստաթուղթ, ըստ որի, քանի որ «Հայկական ժամանակ»-ը իրավաբանական անձ չի հանդիսանում, չի կարող հանդես գալ դատարանում։

Դատավոր Մելքումյանը նշեց, որ այս գործով դատարան է ներկայացվել միջնորդություն «Դարեսկիզբ» ընկերության փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, որտեղ նշված է, թե «քանի որ ինքնին օրաթերթը իրավաբանական անձ չի հանդիսանում, կարելի է ենթադրել, որ հայցվորի ներկայացուցիչը ցանկացել է հայցադիմում ներկայացնել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դեմ»։

Ինքը` Տիգրան Աթանեսյանը օրերս մեր ռադիոկայանին հայտնել էր այս մասին. - «Ես միջնորդություն են ներկայացրել՝ նախ եւ առաջ փոխել պատասխանողին: Դա պետք է հայցվորի համաձայնությամբ լինի: Եթե չփոխեն, ապա շատ հետաքրքիր վճիռ կունենան «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ… Դա կլինի զավեշտ: Եթե իրենք փոխեն, շտկեն իրենց հայցադիմումի սխալները, ներկայացնեն, ինչպես հարկ է ներկայացնել, ապա մենք ունենք շատ ու շատ փաստարկներ, որոնք դատարանում կներկայացնենք»:

Լեւոն Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանը, թեեւ դատարանում հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը «բավական տարօրինակ է» իր համար, բայց այնուամենայնիվ «հաշվի առնելով, որ «Դարեսկիզբ» ընկերությունը իր միջնորդությամբ հաստատում է կապը «Հայկական ժամանակ»-ի հետ, միջնորդեց պատշաճ պատասխանող ճանաչել «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ որպես զանգվածային լրատվամիջոց` ի դեմս «Դարեսկիզբ» ընկերության՝ որպես լրատվական գործունեություն իրականացնողի»։

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը, եւ որպես պատշաճ պատասխանող ճանաչեց «Հայկական Ժամանակ» օրաթերթը` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի։

Փետրվարի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը առաջին էջում լուր էր հրապարակել, որում նշվում էր, թե Ամանորից առաջ Դուբայում տեղի ոստիկանները հարբած վիճակում ձերբակալել էին Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լեւոն Քոչարյանին։ Հրապարակումից մի քանի օր անց խմբագրությունը ստացել էր Լեւոն Քոչարյանի շահերը ներկայացնող «Ջի փարթներշիփ» իրավաբանական ընկերության գրությունը, որով թերթից խնդրում էին հերքել լուրը։ Թերթի ներկայացուցիչները հրաժարվել էին այն հերքել` դատարանում համապատասխան փաստարկներ ներկայացնելու հիմնավորմամբ։

Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն` օրաթերթի հրապարակած տեղեկությունները «հիմք են դարձել օգտագործել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի անունը` Հայաստանի Հանրապետության վարկանիշը գցելու, վարկաբեկելու եւ միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» եւ «հանցագործ» ներկայացնելու եւ համանման որակներով պիտակավորելու համար, ինչն, անխոս, դիպչում է Հայաստանի Հանրապետության հանրային շահերին եւս»։

Հայցվորը «Հայկական ժամանակ»-ից պահանջում է տեղեկատվության հերքում եւ 16 մլն 120 հազար դրամի փոխհատուցում։

Դատական գործի քննությունը հետաձգվեց մինչեւ մայիսի 12-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG