Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը «չի փոխել տեսակետը»


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնության գալու մասին հայտարարությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մեկնաբանեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, չի նշանակում, որ պաշտոնական Երեւանը փոխել է իր տեսակետը Անկարայի կողմից առաջադրվող նախապայմանների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ զորքերի դուրսբերման կամ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Բալայանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու է հայտարարությունը հրապարակվել ապրիլի 24-ի նախօրեին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման «համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով», որն է այդ դեպքում «ճանապարհային քարտեզ» սահմանելու անհրաժեշտությունը, Տիգրան Բալայանը արձագանքեց. - ««Ճանապարհային քարտեզ» բառակապակցությունը դիվանագիտական բառապաշարում ընդունված եւ օգտագործվող հասկացություն է, որը նշանակում է ձեռնարկվելիք քայլերի ծրագիր: Ծրագրի մանրամասները առայժմ հրապարակման ենթակա չեն»:

Ազգային Ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հնչեցրեց իր մտահոգությունը. - «Պաշտոնական հայտարարությունը չի ներառում, թե ինչ կետերի մասին է խոսքը, ինչ հիմքերի մասին է խոսքը: Սկզբունքային կետերի շուրջ՝ թե ինչ կետերի շուրջ են գնում բանակցությունները… Իսկ որ բանակցությունների համար ինչ-որ կետեր կան, որովհետեւ համաձայնեցված հիմքերի մասին է խոսքը: Դա ինձ խորը մտահոգության առիթ է տալիս: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չպետք է կապված լինեն երրորդ կողմի հետ հարաբերություններով, եւ երկրորդ՝ որեւէ նախապայման չպետք է լինի»:


Վլադիմիր Կարապետյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետզրույցում «շատ վտանգավոր» որակեց ընդունված հայտարարությունը, քանի որ, նախ` սրանով հաստատվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստաթղթի նախագիծը համաձայնեցված է, եւ երկրորդ` սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Այդ քարտեզը, այլ հարցերին, քան Ղարաբաղյանը հարցն է, չի կարող վերաբերել, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների փաստաթղթերի փաթեթը արդեն պատրաստ է եւ շատ ծավալուն չի էլ կարող լինել, քանի որ խնդրահարույց հարցերը հայտնի են եւ 2-3 էջի մեջ կարող են տեղավորվել: Կարծում եմ, որ սրանով հաստատվել թուրքերի այն պնդումները, որ չի բացվելու սահմանը առաջիկայում եւ հաստատվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը»:

Նրա խոսքով, սա անցած աշնանը ստորագրված Մայդորֆյան հռչակագրից հետո «հերթական պարտվողական փաստաթուղթն է, եւ չափազանց վտանգավոր է, որ նման հայտարարությունը եղել է ապրիլի 24-ից առաջ:

«Սրանով Հայաստանը ուղերձ է հղում աշխարհին, որ մենք նույնպես գոհացած ենք հայ-թուրքական գործընթացով», - շարունակեց Կարապետյանը: - «Հայաստանի իշխանությունները փաստորեն ընդառաջեցին թուրքերի ջանքերին՝ կանգնեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրների կողմից: Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում որեւէ երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուար Շարմազանովի փոխանցմամբ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնության վերաբերյալ հայտարարությունը կարելի է միայն ողջունել, իսկ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման փոփոխման վերաբերյալ գնահատականները սխալ են. - «Հայկական կողմը ոչ մի անգամ իր դիրքորոշումը չի փոխել եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Դա նաեւ համընկնում է Հանրապետական կուսակցության դիրքորոշման հետ՝ այս հարաբերությունների հաստատումը մենք միայն տեսնում ենք առանց նախապայմանների»:

Դաշնակցությունը, որը մաս է կազմում իշխող կոալիցիային, այսօր տարածած հայտարարությամբ «դատապարտելի եւ անընդունելի» է համարել նշված հայտարարության ստորագրումը:

ՀՅԴ Բյուրի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադոիակայանին ասաց. - «Սա փոփոխություն է ենթադրում: Եթե Թուրքիան նախապայման է դնում եւ Հայաստանը համատեղ հայտարարությամբ հանդես է գալիս եւ ասում է, որ արդեն ինչ-որ ճանապարհ անցել ենք, եւ որոշ հեռանկար կա, որ նաեւ առաջ գնանք, դա նշանակում է, որ այդ նախապայմաններով հանդերձ որոշել են առաջ գնալ»:

Մանոյանը կիսում է այն տեսակետը, որ արտգործնախարարությունների ստորագրած հայտարարությունը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանը առաջիկայում չի բացվելու. - «Երբ ծրագիր մշակում ես բանակցությունների համար, դա չես անում երկու ամսվա համար: Դա նշանակում է, որ երկար, շատ երկար ժամանակի մասին է խոսքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG