Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան. «Խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ»


Ալիկ Սարգսյանը ելույթ է ունենում Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Երեւան, 16 ապրիլի, 2009
Ալիկ Սարգսյանը ելույթ է ունենում Ոստիկանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Երեւան, 16 ապրիլի, 2009

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունները, որ երեկ երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները:

Մամուլի հրապարակումների համաձայն, հանրապետական պատգամավորների թիկնապահները բերման են ենթարկվել «Ծղոտներ» ռեստորանային համալիրից, երբ նրանցից մեկը իր կորտեժով կտրել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեքենայի դիմացը:

Ալիկ Սարգսյանը այսօր պատմեց հետեւյալը. - «Երեկ խախտումը տեղի է ունեցել իմ աչքի առջեւ, ժողովրդի աչքի առջեւ, օրը ցերեկով` 7:40-ին երեկոյան: Երեք «ջիփ» մակնիշի մեքենաներ, բարձր տրամադրությամբ, հյուրերին ցույց տալու համար, որ իրենք հնարավորություն ունեն, լսել են համապատասխան երգը` «Սա Երեւանն է, այստեղ մենք տանն ենք», էս երեք մեքենաները` բարձր արագությամբ, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կարմիր լույսի տակ անցնում են Ալեք Մանուկյան փողոցով, ժողովուրդը բոլորը դա նկատում է: Բնականաբար, ես արագ արձագանքում եմ, մեր խմբերը` ճանապարհային ոստիկանության ընկերները, [Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի] 6-րդ վարչության համապատասխան ծառայությունները ընդամենը հաշվված րոպեների` 6 րոպեի ընթացքում, 7 րոպեում, հայտնաբերել ենք բոլորին, իրենց արժանի ձեւով բոլորին բերման ենք ենթարկել 6-րդ վարչություն: Բնականաբար, խախտման վերաբերյալ վարորդները իրենց պատիժը կրում են, ավելին` մեքենաների ուղեւորներով էլ ենք զբաղվում»:

Նշելով, որ բերման են ենթարկվել երեք մեքենաներ, Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ նրանցից երկուսը պատկանում են Աշոտ Աղաբաբյանին: Ինչ վերաբերում է Լեւոն Սարգսյանի թիկնապահներին, ապա, ըստ ոստիկանապետի, չնայած նրանք բերման ենթարկվել են, բայց հետո ազատ են արձակվել, որովհետեւ պարզվել է, որ «պարոն Սարգսյանը, Լեւոն Սարգսյանը` Ազգային ժողովի պատգամավոր, այս գործողություններին չի մասնակցել»:

«Ես սա հայտնում եմ ձեզ պաշտոնապես. նա [Լեւոն Սարգսյանը] չի եղել ընդհանրապես էս մեքենաների մեջ, նրա մեքենան էս մեքենաների շարքում չի եղել, նրա թիկնազորը էս ամեն ինչին չի մասնակցել: Թեկուզ թիկնազորը, ուր որ մենք ստուգել ենք, թիկնազորն էլ է հայտնվել էդ շրջանակում, նրա թիկնազորն էլ է բերման ենթարկվել նախարարություն, ստուգել ենք, իրիկունը, գիշերը ազատ ենք արձակել, բայց Լեւոն Սարգսյանը չի մասնակցել, որեւիցե առնչություն դրա հետ չունի», - ընդգծեց Ալիկ Սարգսյանը` հավելելով. - «Իսկ Աղաբաբյան Աշոտը` երեք մեքենաներից երկուսը պատկանել են Աշոտ Աղաբաբյանին: Ինքը անձամբ չի եղել մեքենայում, կամ Աշոտ Աղաբաբյանը նախարարության շենք բերման չի ենթարկվել, նա չի եղել, բայց թիկնազորը եւ նրա հյուրերը եւ մարդիկ, ովքեր իրավախախտումը թույլ են տվել, բնականաբար, եղել են Աշոտ Աղաբաբյանի կողքի մարդիկ»:

Մինչ ոստիկանապետի կողմից այս լուրերի հաստատվելը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զանգահարեց պատգամավոր Լեւոն Սարգսյանին. հեռախոսազանգին պատասխանող թիկնապահը վստահեցրեց, թե տարածված տեղեկությունները սուտ են, եւ խորհուրդ տվեց այլեւս չզանգահարել:

Մինչ ոստիկանապետի հայտարարությունները, հանրապետական պատգամավորների թիկնազորայիններին բերման ենթարկելու փաստին տեղյակ չէր նաեւ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, թե չի վստահում մամուլի հրապարակումներին:

«Եթե փողոցում, շուկայում լսած լինեի, կարծում եմ, մի քիչ կհավատայի, բայց եթե թերթերն են գրում, բնականաբար, պատրաստ չեմ պատասխանել` ինֆորմացված չեմ», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կատարվածին անդրադարձավ Ոստիկանությանը կից ձեւավորված հասարակական խորհրդի նիստում: Նիստը արտահերթ էր հրավիրվել , եւ ոստիկանապետն իր խոսքում հատուկ անդրադարձավ թիկնապահների պահվածքին:

«Խոսքը վերաբերում է ապօրինի «թիկնազոր» կոչվածին, թույլ տվեք իրենց լեզվով ասեմ` «ախրանա» կոչվածին, էս տխրահռչակ «ախրանա» կոչվածին, որը ինչ-ինչ նպատակներով, շատերը ուղղակի դրանով ապրում են, իրենց համար դա, կարծես թե, կյանքի, ապրելու ձեւ, ոճ, գործելակերպ են ընտրել, որ անպայման պիտի «ախրանա» լինի», - հայտարարեց Ալիկ Սարգսյանը:

Հասարակական խորհրդի նիստում ոստիկանապետը հայտնեց նաեւ, որ այս տարվա մի քանի ամիսներին առգրավվել է երեք անգամ ավելի զենք-զինամթերք, քան անցած տարիներին էր, ակտիվացել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

«Ոստիկանությունը նույնիսկ աշխատավարձին չի նայում, էնտուզիազմով է աշխատում` հօգուտ քաղաքացիների», - վստահեցրեց Ալիկ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Երեւանի Հյուսիսային պողոտայում ցուցարարների նկատմամբ գրեթե ամեն օր կիրառվող բռնությունները ե՞ւս ժողովրդի շահերից են բխում, ոստիկանապետը արձագանքեց. - «Եթե քաղաքական զբոսանք` խնդրեմ, քայլեք Երեւանով, զբոսնեք, զրուցեք, ձեր հարցերը քննարկեք իրար հետ, բայց մեկ վայր ստեղծել, որը արգելված է մնացածին քայլել, որովհետեւ էդ վայրում ամեն րոպե կարող են կոնֆլիկտներ լինել` մենք դա թույլ չենք տա»:

«Հանգիստ թողեք Հյուսիսային պողոտան: Հրահրել ոստիկանին, մոտենալ, քաշքշել, ինչ-որ մի բան ասել, վիրավորել, վերջում էդ պահը օգտագործել` «տեսեք, ինձ հրեց», կարծում եմ, սա չի կարելի եւ ընդունելի չի», - ասաց ոստիկանապետը` ամփոփելով. - «Հյուսիսային պողոտան կառուցվել է այս իշխանությունների օրոք: Խորհուրդ եմ տալիս այնպիսի մի տեղ ստեղծել այս օջախը, որը ստեղծվել է նախկին իշխանությունների օրոք, նկատի ունեմ հենց էդ, ովքեր կազմակերպում են էս միտինգները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG