Մատչելիության հղումներ

Ապրիլի 21-ի մամուլ


«Շատ նորմալ կհամարեմ, եթե քաղաքապետի ընտրությունների արդյունքում կոալիցիոն ձեւաչափի փոփոխություններ լինեն, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է տնօրինում իր քաղաքական ապագան։ Եվ եթե մեր կոալիցիոն գործընկերներն ընտրություններից հետո այդուհանդերձ գտնեն, որ դրա կարիքը կա, եւ իրենց քաղաքական ուղիով այլեւս անհամատեղելի են կոալիցիայի հետ, ապա ճանապարհը բաց է բոլորի համար` ցանկացած տեղաշարժ ու քաղաքական «մանյովր» անելու։ Բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ամեն ընտրությունից առաջ հնչում են նման կարծիքներ ու խիստ դիտարկումներ` «մռութներ ջարդելուց» մինչեւ կոալիցիայից դուրս գալու սպառնալիքներ։ Սակայն ընտրություններն ավարտվում են, եւ ամեն ինչ վերադառնում է իր քաղաքական տրամաբանության շրջանակ», - «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Գոլոս Արմենիի»-ին քննարկում է ազգային քաղաքական էլիտայի առանձնահատկությունները. - «Ազգային ժողովում հաճախ ես լսում, թե իբր խորհրդարանը ճիշտ որոշումներ է ընդունում, բայց սարսափելի բյուրոկրատական իրագործումը խեղաթյուրում է այն անճանաչելիության աստիճան: Սակայն գրոշի արժեք չունի այն օրենսդիր մարմինը, որը չի պատկերացնում, թե ինչ սոցիալական ու մշակութային միջավայրում կկենսագործվեն նրա՝ թեկուզեւ «հանճարեղ» օրենքները: Ժամանակակից կառավարող էլիտան կոալիցիայի կազմում հաջողել է մի հարցում՝ սեփական եւ կուսակցական նպատակներով պետական միջոցները օգտագործելու խնդրում: Իհարկե, մեր ֆինանսաարդյունաբերական էլիտան գերարդյունավետ կարելի է կոչել ցինիկ հարստացման եւ ագրեսիվ էքսպանսիայի տեսանկյունից: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ չի կարելի էգոիզմի եւ անբարոյականության մեջ մեղադրել ողջ էլիտային: Մենք, օրինակ, տեսնում ենք, թե ինչ լարված են աշխատում նախագահը եւ վարչապետը՝ կյանքի կոչելով հակաճգնաժամային միջոցառումները»:

«Տարեգիր» թերթի մեկնաբանը ներկայացնում է իրավիճակը Հյուսիսային պողոտայում. - «Սերժ Սարգսյանը ոչ միայն ամեն Աստծո օր նվաստացնում, ստորացնում է ուսադիրավոր-համազգեստավորներին՝ դագանակի տակ քշելով Հյուսիսային պողոտան փակելու, այլեւ դարձել է Հայկական ապարտեիդի դրոշակակիրը: 21-րդ դարում Հայաստանում սանձազերծվել ու ծաղկում-բարգավաճում է լկտկ, աղաղակող խտրականությունը՝ քեզ կարելի է մտնել Հյուսիսային պողոտա, իսկ քեզ չի կարելի: Հիմա պարոն Սերժ Սարգսյանը ներմուծել է նույն երկրի քաղաքացիներին, որոնք, ըստ մեզ հայտնի Սահմանադրության, օգտվում են նույն իրավունքներից եւ ազատություններից, «սորտավորման» գործընթացը: Իրենց «ազնիվ ցեղի» հաբռգած ախպեր տղերքն իրավունք ունեն Տեառնընդառաջի օրը Հյուսիսային պողոտայի շեմին՝ բռնադատված Ազատության հրապարակի աչքի առաջ չտեսության չլսված-չտեսնված սեանս տալ՝ խարույկ վառել ու աղմուկ-աղաղակ-ոռնոցներով կրակի վրայով թռցնել իրենց հարսուփեսային, իսկ խաղաղ ցուցարարներին չի կարելի կանգնել Հյուսիսային պողոտայում»:

Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության դիրքորոշման վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Նա ասում է. - « Հաշվի առնելով, որ Արծվիկ Մինասյանը քաղաքական դաշտում նոր կերպար է՝ ՀՅԴ այլ առաջնորդների համեմատ, ակնկալվում էր, թե իր գործելաոճը լրացուցիչ թարմություն ու նորամուծություն կմտցնի քարոզարշավի մեջ: Բայց, ցավոք, ՀՅԴ թեկնածուն գործադրում է իր գործընկերների կողմից վաղուց կիրառվող քարոզչական հնարքը. այն է՝ «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, որն արդեն հայտնի, եթե չասեմ՝ մաշված ընտրական տեխնոլոգիա է: Այն ՀՅԴ-ն կիրառում է տարիներ շարունակ, եւ այստեղ չկա որեւէ նորություն: Բազմիցս ասել եմ, որ կոալիցիայի ներսում ՀՅԴ տեղը կա, բայց դա ոչ թե քաղաքական անհրաժեշտության, այլ քաղաքական կամքի կոալիցիա է: Եվ սա մի քանի անգամ բուռն հակադարձումների է արժանացել մեր կոալիցիոն դաշնակցական գործընկերների կողմից: Ցանկացած հիշատակում, որ գուցե տեղափոխվեք ընդդիմադիր դաշտ՝ սվիններով էր ընդունվում, ու ակնհայտ էր, որ մեր գործընկերները չէին ուզում տեղափոխվել»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ հայ-թուրքական վերջին զարգացումների մասին զրուցել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա ասում է. - «Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ունենալ շոշափելի դրական նշանակություն, եթե Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը շուտափույթ վերագործարկվի եւ իմաստը կորցնի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու այլընտրանքային երկաթգծի կառուցումը։ Անկարան եւ Բաքուն պայմանավորվել են հայ-թուրքական սահմանի բացումը հետաձգելու նպատակով պատրվակներ առաջադրել, մինչեւ ավարտվի Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը։ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումից եւ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու տրանզիտային ներուժի արժեզրկումից հետո էլ ո՞ւմ է պետք հայ-թուրքական սահմանի բացումը։ Գուցե՞ այդ դեպքում ավելի ճիշտ է մենք էլ մեր հերթին հետաձգենք այդ գործը այնքան ժամանակ, մինչեւ սահմանը մեր, ռուսների, հույների եւ պարսիկների աջակցությամբ բացեն քրդերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG