Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել հանրահավաքի հայտը, բայց արգելել է երթը


Ընդդիմության ենթը 2009 թվականի մարտի 1-ին
Ընդդիմության ենթը 2009 թվականի մարտի 1-ին

Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի իրազեկումը մայիսի 1-ին Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու մասին: Արգելվել է, սակայն, հանրահավաքից հետո նախատեսված երթը:

«Երթի անցկացումը էապես կխաթարի Երեւան քաղաքի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ եւ անանցանելի կդարձնի կենտրոնական փողոցները, հրապարակները ու խաչմերուկները, բարդություններ եւ խոչընդոտներ կառաջացնի քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկության համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետի տեղակալ Իրինա Գրիգորյանը:

Երթն արգելելու պատճառներից է քաղաքապետարանը համարել նաեւ այն, որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր է. նշվում է Աշխատանքի տոնը:

«Այդ օրը Երեւան քաղաքում անցկացվում են տոնական եւ հրապարակային տարբեր այլ միջոցառումներ», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով. - «Հայաստանի կոմունիստական կուսակցության երթուղին գրեթե նույնն է եղել, որը եւս արգելվել է»:

Սոցիալ-դեմակրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, սակայն, երթի արգելման պատճառը բացառապես քաղաքական է. - «Երթը ամեն ընդդիմադիր կուսակցության հայտի պարագայում պիտի մերժվեր: Որովհետեւ երթի հզորությունը սարսափեցնում է այսօր գործող իշխանություններին՝ հատկապես մայիսի 31-ի ընտրություններից առաջ»:

Սարգսյանը հավելեց, որ երթն անցկացվելու է. - «Մենք երթեր ենք անցկացրել նույնիսկ այն պարագայում, երբ հանրահավաքն էլ է մերժվել: Իսկ ինքնաբուխ երթի պարագայում, մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կմասնակցենք այդ երթին»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մայիսի 1-ի զանգվածային միջոցառումների առանցքում լինելու են սոցիալական խնդիրները. - «Մայիսի 1-ին մենք անելու ենք մեր հանրահավաքը: Դա հատուկ խորհրդանշական բնույթ ունի, մեզ միանալու են բազմաթիվ մարդիկ, որոնք արդեն դնում են հարցեր՝ կապված իրենց սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Ուստի մենք այդ օրը բավական մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական իրավունքների համար մղվող պայքարին»:

Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիմիր Կարապետյանը, մտահոգություն հայտնելով Երեւանի կենտրոնում վերջին շաբաթներին ոստիկանների գործողությունների կապակցությամբ, հույս հայտնեց, որ մայիսի 1-ին ոստիկանները կաշխատեն օրենքի սահմաններում. - «Ես չեմ պատկերացնում, որ որեւէ խոչընդոտ պետք է հարուցի ոստիկանությունը մեր սահմանադրական իրավունքը իրագործելու համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում Հայաստանի կոմունիստական կուսացկության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը «հակաիրավական» որակեց Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ հավաստիացնելով, թե «կոմունիստներն իրենց ավանդական երթը կանցկացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG