Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «ամենակոշտ դիրքորոշումը» կցուցաբերի


Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյան
Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Արծվիկ Մինասյան

Եթե Երեւանի ավագանու ընտրություններում ընտրախախտումներն աղաղակող լինեն եւ էապես ազդեն արդյունքների վրա, ապա, ըստ Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը այդ ընտրություններում գլխավորող Արծվիկ Մինասյանիՙ Դաշնակցությունը «ամենակոշտ դիրքորոշումը» կցուցաբերի:

«Ոչ միայն հայտարարություն [կանենք] ընտրության արդյունքները չճանաչելու մասին, այլեւ շատ այլ գործողություններ եւս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե նման դեպքում հնարավոր համարո՞ւմ է, որ Դաշնակցությունը դուրս գա իշխող կոալիցիայից եւ համագործակցի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ, ՀՅԴ-ի ղեկավար անդամը պատասխանեց. - «Իհարկե, դժվար է հիմա պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ է առաջանալու, որ նման վարքագիծ դրսեւորվի, բայց ես ասում եմՙՙ հնարավոր է ամեն ին չ, եթե իսկապես բացասական սցենարներով գնան այս ընտրությունները»:

Նրա կարծիքով, Երեւանի ավագանու ընտրություններն էականորեն կտարբերվեն նախագահական ընտրություններից. - «Մյուս կողմից, մենք չպետք է բացառենք, որ, ինչպես հաճախ է կատարվում, ոմանք կփորձեն «արջի ծառայություններ» մատուցել այս կամ այն ուժին: Այստեղ է որ, ես կարծում եմ, մեր միասնական մոտեցումը եւ միասնական պայքարը պիտի ձեւավորենք այնպիսի ընտրախախտումների դեմ, որոնք ուղղված են ճնշումներին, լցոնումներին, քվեարկության արդյունքները ոչ-համարժեք արտացոլելուն, կամ այնպիսի խախտումների, որոնք էականորեն կարող են ազդել իրական պատկերի վրա»:

Արծվիկ Մինասյանի խոսքով, իրենց մտադրությունը մենաշնորհային իշխանություն ունենալը չէ. - «Թեկուզ եթե մենք ստանանք 51 տոկոս, ապա այդ իշխանությունը մենք պատրաստ ենք կիսել ցանկացած այլ ուժի հետ: Սա առաջարկություն է: Անկախ նրանից, թե ինչպիսի արձագանք կլինի թե’ Հայ ազգային կոնգրեսի, թե’ «Ժառանգության», թե’ կոալիցիոն մեր գործընկերների կողմից, մենք պատրաստ ենք այդ համագործակցությունը ծավալել: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ շատ կարեւոր է համագործակցություն ծավալել նաեւ ընտրական գործընթացում, մասնավորապեսՙ հանձնաժողովներումՙ ապահովելով արդար եւ ազնիվ ընտրություններ»:

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, քաղաքական ուժերը սովորաբար համագործակցության առաջարկներ անում կամ ստանում են ընտրություններից հետոՙ անկախ դրանց արդյունքներից:

«Հանրապետական կուսակցությունն էլ եւ բոլոր քաղաքական ուժերն էլ պետք է այնպես անեն յուրաքանչյուրը իր, այսպես ասած, լիազորությունների շրջանակներում, եւ պետական մարմիններն էլ, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, որպեսզի ընտրությունները լինեն առանց լուրջ խախտումների: Հանրապետական կուսակցությունը ո’չ ընտրություններում կարիք ունի խախտելու, ո’չ հնարավորություն, ո’չ էլ ցանկություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Հանրապետական պատգամավորը:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Արծվիկ Մինասյանի հնչեցրած համագործակցության առաջարկի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Դաշնակցությունը այս իշխանության մաս է: Այն իշխանության, որը ոչ միայն իրականացրել է մարտի 1-ը, այլեւ ներկայումս պահում է 50-ից ավելի քաղաքական պատանդների բանտերում: Մենք երկխոսությունից երբեք չենք հրաժարվել, բայց կա մեկ պարագաՙ մինչեւ քաղաքական պատանդներըՙ բանտարկյալները ազատ չարձակվեն, համագործակցության մասին խոսք լինել չի կարող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG