Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստ՝ Երեւանում


ՀԱՊԿ նիստը Երեւանում, 16 ապրիլի, 2009
ՀԱՊԿ նիստը Երեւանում, 16 ապրիլի, 2009

Երեկ երեկոյան Երեւանում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի միջանկյալ նիստը։

Նիստից անմիջապես հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի օրակարգը նվիրված է եղել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համակարգմանը առնչվող մի շարք հարցերի քննարկմանը, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ ընդգծվել է Աֆղանստանում իրավիճակի կայունացման գործընթացին նպաստելու շահագրիգիռ երկրների եւ միջազգային կառույցների հետ ավելի ակտիվ համագործակցության կարեւորությունը։

«Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ, ցանկանում եմ գոհունակություն հայտնել նիստի արդյունքներից, որոնց իրականացումը համագործակցության նոր որակների հնարավորություն կտա», - հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի անդամակցությունը կազմակերպությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց, թե նման հարց օրակարգում չի եղել, եւ հավելեց, որ Իրանի հետ ՀԱՊԿ-ը համագործակցում է տարբեր ոլորտներում, օրինակ` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի:

«Սակայն, Իրանի ներկայացուցչի կողմից մենք զգում ենք պրակտիկ համագործակցության որոշակի շահագրգռվածություն», - հայտարարեց Բորդյուժան։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կազմից Ուզբեկստանի դուրս գալու մասին շրջանառվող լուրերին` Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե կազմակերպությունը նման հայտարարություն անելու հիմքեր չունի եւ ինքը նման նախադրյալներ չի տեսնում։

«Այդ լուրերը վաղուց կան եւ դրանք չգիտես ինչու կապվում են ԵՎՐԱԶԷՍ-ից Ուզբեկստանի դուրս գալու, կամ անդամակցության դադարեցման հետ, սակայն այդ երկրի ներկայացուցիչները, ինչպես նաեւ բարձրաստիճան ղեկավարությունը, տարբեր մակարդակներով բազմիցս հաստատել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հարցում իրենց շահագրգռվածությունը», - ասաց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։

Այսօր ընդունելով ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային՝ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած բազմաթիվ
միջոցառումներն ավելի դինամիկ են դարձրել ՀԱՊԿ-ի գործունեությունը:

Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է նիստի օրակարգը՝ նշելով, որ քննարկումներն անցել են փոխըմբռնման մթնոլորտում, եւ հարցերը հիմնականում վերաբերել են միջազգային անվտանգության արդի խնդիրներին, կազմակերպության անդամ-երկրների միջեւ արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործակցության հիմնական ուղղություններին: Նախապատրաստված փաստաթղթերի փաթեթը կներկայացվի ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հունիսին կայանալիք գագաթնաժողովի հաստատմանը:

Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի, արդյունավետ գործունեությունը:

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները այսօր շարունակում են իրենց աշխատանքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG