Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին երկխոսության կոչ է անում Վրաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Վրաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը երկխոսության կոչ է արել:

Նա այսօր Թբիլիսիում առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ առաջարկել է հակամարտությունը լուծել երկխոսության ճանապարհով: Սեմնեբիի խոսքերով` իշխանությունների ու ընդդիմության միջեւ վստահության պակասը դժվարացնում է երկխոսություն սկսելը:

Այս կիրակի Վրաստանում նշվելու է Սուրբ Հարության տոնը, եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Զատկի տոնակատարության առաջին օրերը ժամանակ են ոչ միայն հակամարտությունից շունչ քաշելու համար, այլեւ որ բոլոր կողմերը մտածեն` ինչպես առաջ շարժվել ու լուծել քաղաքական հարցերը:

«Դա երկրի ապագայի հարցն է: Երկիրը պետք է համախմբվի ու միասնական կարծիք ունենա, թե ինչպես ղեկավարվի: Լավ է, որ առաջիկայում խաղաղության ու հանգստի մի քանի օր կա», - ասել է Սեմնեբին:

Վրաց ընդդիմության առաջնորդներից` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան հայտնել է, որ Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ քննարկվել է ընդդիմադիրների ու նախագահի միջեւ հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Նրա խոսքերով, եթե այդ հանդիպումը կայանա, դա կլինի մեկ քայլ առաջ: Ալասանիան ասել է, թե ընդդիմությունը մեկ հարց է պնդելու` Սահակաշվիլիի հրաժարականը: Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, թե իրենք պատրաստ են լսել նաեւ մյուս կողմին, թե «ճգնաժամից դուրս տալու ի՞նչ ելք են տեսնում»:

Պահպանողական կուսակցության ղեկավար Զվիադ Ջիջիգուրին եւս ասել է, թե ոչ մի խնդիր չկա, որ ընդդիմությունը հանդիպի Սահակաշվիլիի հետ, բայց, նրա խոսքերով, «այդ հանդիպմանը պետք է դրվի նախագահի հրաժարականի հարցը»:

Ընդդիմության մեկ այլ առաջնորդ` նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբաշվիլին պնդել է, որ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջները չի փոխում ու պատրաստ է նրա հետ երկխոսության միայն այդ թեմայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG