Մատչելիության հղումներ

Ըստ Հարությունյանի, Հայաստանի հարցը կախված է «7»-ի դատավարությունից


Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլին կայանալիք լիագումար նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող հարցը չընդգրկելը, ինչի մասին անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անսպասելի էր ընդդիմության ներկայացուցիչների համար:

«Ինձ համար դա մի փոքր զարմանալի է, քանի որ մասնավոր շփումների, մասնավոր հանդիպումների ժամանակ հավաստիացումներ են տրվել մեզ, որ Հայաստանի իշխանությունների վարքագիծը անպատիժ կամ գոնե անհետեւանք չի մնա` եթե այդ վարքագիծը որոշակի փոփոխություններ չկրի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում այսօր ասաց ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:

Դավիթ Հարությունյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե արդյոք հունվարյան նստաշրջանում կամ դրանից հետո որեւէ մտադրություն կամ որոշում եղել է քննարկումը ապրիլյան նստաշրջանում շարունակելու վերաբերյալ, պատասխանեց. - «Հունվարյան նստաշրջանի ժամանակ այդպիսի որոշում չի կայացվել: Հարցը թողնված էր Մոնիտորինգի հանձնաժողովին, որը պետք է իր եզրակացությունը կազմեր»:

Մարտի վերջին կայացած նիստում նույնպես Մոնիտորինգի հանձնաժողովը լիագումար նստաշրջանում քննարկելու խնդիր չի դրել:

«Ենթադրվում է, որ ապրիլյան նստաշրջանի ժամանակ հարցը կքննարկվի ընդամենը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Անշուշտ, հնարավոր են դեպքեր, երբ հարցը կարող է որպես հրատապ հարց ճանաչվել եւ քննարկվել նստաշրջանում, ինչը մնասին որոշումը կայացվում է Բյուրոյի նիստի ժամանակ, որը տեղի է ունենում մինչեւ նստաշրջանի սկիզբը: Սակայն մենք դեռեւս նման կանխագուշակումներ չունենք... Դա, որպես կանոն, վերաբերում է իսկապես առանձնահատուկ կարեւորություն ունեցող եւ նոր ծագած հարցերին», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո համազեկուցողների հայտարարությունը հուսադրող է եղել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների համար: Համազեկուցողները դրական էին գնահատել Քրեական օրենքի փոփոխությունները` միաժամանակ հույս հայտնելով, որ ազատ կարձակվեն այն մարդիկ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել:

«Մասնավոր զրույցների ժամանակ այդ հավաստիացումները տրվել են, որ հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Եթե նույնիսկ այդ եզրը չեն օգտագործել, քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում գտնվելը անընդունելի են համարում իրենք: Օրենքների փոփոխությունը ինքնանպատակ չէ. եթե այդ մարդիկ ազատ պիտի չարձակվեն, ուրեմն դրական տեղաշարժ այդ օրենքների փոփոխությունը մի քիչ դժվար է գնահատել», - ասաց Գրիգորյանը:

Նույն կապակցությամբ Դավիթ Հարությունյանը ասաց. - «Ո՞վ է դրա գնահատականը տվողը: Այս փուլում դա դատարանն է, քանի որ խոսքը վերաբերում է դատական գործընթացին: Եվ քաղաքական հորդորը կա, կատարողը դատարանը պետք է լինի: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր արդեն ազատազրկման դատապարտված են, ապա այդ հայտարարության մեջ նրանք նշում են, որ որոնելու են հետագա ուղիները` Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ քննարկելու, թե ինչպես է հնարավոր այդ հարցի լուծումը: Մենք այդ քննարկումները, իհարկե, իրականացնելու ենք... Շատ բան կախված է նաեւ այս «7»-ի դատավարության ընթացքից»:

Արման Գրիգորյանը ասաց, որ հարցը օրակարգում չընդգրկելը, իհարկե, անհանգստության տեղիք տալիս է. - «Եթե տրամաբանությունն այն է, որ իշխանություններին եւս մեկ հնարավորություն է տրվում ոչ թե պատժելու միջոցով, այլ մի փոքր փաղաքշելու միջոցով իրենց վարքագիը փոխել, վաղուց արդեն հատկապես ԵԽԽՎ-ն պետք է համոզված լիներ, որ այդ տրամաբանությունը Հայաստանի իշխանությունների դեպքում չի աշխատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG