Մատչելիության հղումներ

Ապրիլի 14-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ամփոփելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է.- «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան։ Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելին անել, քան հաջողվել է» եւ ավելացրել՝ «Գաղտնիք չէ, որ տարբեր քաղաքական ուժեր ժողովրդավարության տակ տարբեր բաներ են հասկանում։ Բնական է, որ այս տարաձայնությունները ժողովրդավարության էության եւ զարգացման ուղիների մասին՝ կան նաեւ կոալիցիայի մեջ»։ Կոալիցիոն կուսակցությունների այդ ընդվզումները արդեն ոչ մեկին չեն զարմացնում։ Դրանք պարբերաբար բռնկվում են ամեն մի ընտրական գործընթացից առաջ եւ մարում են ընտրություններից հետո, երբ պետք է համախմբվեն իշխանության թեկնածուի շուրջ։ Կարճատեւ ընդվզման նպատակը հասկանալի է՝ ընտրարշավի ժամանակ մաքրել փետուրները՝ ընտրազանգվածի առաջ քիչ, թե շատ ճշմարտախոսի տեսք ձեռք բերելով։ Սակայն նման քննադատության անկեղծության վերաբերյալ կան խորը կասկածներ»։

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների ոճին. - «Այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հայաստանի նկատմամբ, զարմանալիորեն զուգահեռվում է այն քաղաքականության հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն են վարում ներքաղաքական խնդիրների լուծման համատեքստում: Երկու դեպքում էլ քաղաքականության սուբյեկտը միջազգային հանրությունն է. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում շահագրգռություն է ցուցադրում` ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում իր համար անբարենպաստ զարգացումները կանխելու համար: Նույն նպատակն են հետապնդում նաեւ Հայաստանի իշխանությունները` մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության, քաղբանտարկյալների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այս հարցերը Հայաստանի իշխանություններին հետաքրքրում են այնքանով, որքանով դրանք շրջանառվում են միջազգային փաստաթղթերում: Ահա այս ելակետը օբյեկտին, տվյալ դեպքում` Թուրքիայի իշխանություններին, տվյալ դեպքում` Հայաստանի իշխանություններին ստիպում է գործել` խնդիր ունենալով ոչ թե խնդրի լուծումը, այլ խնդիր ունենալով բթացնել խնդրի նկատմամբ արտաքին աշխարհի հետաքրքրությունը կամ շահագրգռվածությունը կամ մտահոգվածությունը` այս ամենի ընթացքում ամեն ինչ անելով իրական լուծումներից խուսափելու համար»:

Նույն առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 8-ին, Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը կոշտացրեց Հայաստանի հանդեպ իր դիրքորոշումը, անգամ սկսեց խոսել Ղարաբաղի հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու մտադրության մասին։ Սա նշանակում է, որ Թուրքիան որոշակի զիջումների է գնացել Միացյալ Նահանգներին տարածաշրջանային այլեւայլ հարցերում, հետեւաբար հույս ունի, որ ԱՄՆ նախագահը ապրիլքսանչորսյան ուղերձում կխուսափի հիշատակել Հայոց ցեղասպանությունը։ Ապրիլի 10-ին Թուրքիայի վարչապետն ուղղակի բացառեց մեր երկրի հետ համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը։ Իսկ նախագահ Սարգսյանի զուսպ լավատեսությունը Էրդողանը մեկնաբանեց այսպես. «Մենք կարող ենք նախնական աշխատանք կատարել (Հայաստանի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ), սակայն դա վերջին հաշվով կախված է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից»։ Այս ամենից հետո թվում է, թե թուրքական կողմը ոչ միայն կրկին փակում է «հնարավորությունների պատուհանը», այլեւ ձեռք է բերում մարտավարական որոշակի առավելություն իրենից սահմանների բացումն ակնկալող Հայաստանի հանդեպ»։

Երեւանի քաղաքապետի` Դաշնակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը դատապարտում է վերջին օրերին Հյուսիսային պողոտայում ոստիկանների ակտիվությունը, որի արդյունքում շարունակվում են քաղաքական հետապնդումները, ոտնահարվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: «Մայիսի 31-ին սպասվում է թեժ պայքար, սակայն հուսանք, որ այդ պայքարը կլինի ծրագրերի եւ ոչ թե անձերի պայքար: Ի վերջո ընտրությունը լինելու է համամասնական ցուցակով», - «Տարեգրի» հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով, Երեւանի քաղաքապետի ընտրությունները միանշանակ քաղաքական են, սակայն այդ ընտրությունների արդյունքում հնարավոր չէ փոխել երկրի ամբողջ կառավարման համակարգը: Ընտրություններից առաջ Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակելը, Մինասյանի կարծիքով, խախտեց հավասարության սկզբունքը. - «Իհարկե, խախտվում է հավասարության սկզբունքը, որովհետեւ կան վարչական լծակներ: Աստված տա, որ այդ վարչական լծակները չգործադրվեն ընտրողների ձայները կեղծելու համար»:

«Չորրորդ իշխանություն» -ը հարցնում է. - «Կարո՞ղ էր արդյոք Սերժ Սարգսյանն անցած մեկ տարվա ընթացքում«առողջացնել ներքաղաքական մթնոլորտը», ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ այլն: Ոչ, չէր կարող: Ազատ արձակել քաղբանտարկյալներին` կնշանակեր ընդունել, որ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուն բացառապես իշխանություններն են: Բայց ինքը նախագահ է դարձել հենց մարտի 1-ի դեպքերի արդյունքում, հետեւաբար` քաղբանտարկյալներին ազատ արձակելը կնշանակեր ընդունել, որ ինքը լեգիտիմ չէ: Սերժ Սարգսյանը, բնականաբար, մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր գնա այդ քայլին: Սերժ Սարգսյանի վիճակի ողբերգականությունը հենց այն է, որ նա, որքան էլ ցանկանա, ոչինչ չի կարող անել: Նա նույնիսկ կամովին հրաժարական տալ չի կարող, որովհետեւ բոլորին ինչ-որ բան խոստացել է` ե’ւ ներսում, ե’ւ դրսում: Ամեն դեպքում, մի հարցում ընդդիմությունն ի վիճակի է օգնել Սերժ Սարգսյանին: Եթե մարդը չի կարողանում «ինքնուրույն» հրաժարական տալ, պետք է ձեռք մեկնել»:

«Այսպիսի բարձր, եւ որ ամենակարեւորն է` ոչնչով չհիմնավորված բարձր տոկոսադրույքներով վարկերի միջոցով ես բացառում եմ որեւէ արտադրության հիմնում` անգամ փոքր եւ միջին բիզնեսի բնագավառում», - «Գոլոս Արմենիի»-ին ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը` խոսելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրված 50 միլիոնանոց կայունացման վարկի իրացման մասին: Նրա կարծիքով, այդ վարկերը կարող են ծառայել միայն սրընթաց առեւտրական գործողությունների համար: Այդ միջոցների այլ օգտագործում պարզապես անհնար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG