Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»


Ուրբաթ օրը, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով է իր մեկամյա պաշտոնավարությունը եւ պատասխանելով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին, նախագահ Սերժ Սարգսյանը կասկածներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հնարավորության վերաբերյալ։

«Հիմա իմ կարծիքով, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, եւ եթե խոսում ենք ֆուտբոլային դիվանագիտության մասին, պետք է ասենք, որ գնդակը հարատեւ չի կարող մի դաշտում գտնվել», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը, Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ հայկական կողմը պատրաստ է հարաբերություններ սկսել առանց նախապայմանների։

«Հնարավո՞ր է արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինեինք եւ հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն եւ փորձեն նախապայմաններ առաջադրել։ Իհարկե, հնարավոր է։Այդպիսի բան չի կարելի 100 տոկոսով բացառել, բայց կարծում եմ, որ մենք նույնիսկ այդ պարագայում այդ պրոցեսից դուրս կգանք ավելի ուժեղացած», - ասաց Հայաստանի նախագահը։

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը գտնում է, որ նույնիսկ հայ-թուրքական բանակցությունների ձախողման պարագայում, Հայաստանը այս գործընթացից կշահի։

«Մենք այս պրոցեսով մեկ անգամ եւս ընդգծեցինք, եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք իրոք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել», - պարզաբանեց նախագահը։

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ժամկետների վերաբերյալ Հայաստանի նախագահը ասաց. - «Ես մտածում եմ, որ Հայաստան - Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կամ կանցնեմ բաց սահմաններով, կամ էլ կլինենք դրա նախօրյակին։ Բայց հնարավոր է, որ իմ լավատեսություն չարդարանա։ Մենք սրանից չենք տուժելու»։

Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի պատասխանները չափազանց ժլատ էին։ Իսկ մայիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին ասվեց. - «Երբ Մինսկի խմբի համանախագները առաջարկեցին այդ հանդիպումը, մենք պատասխանեցինք, որ մենք դեմ չենք հանդիպմանը... Որեւէ նոր բան չկա, մենք շարունակելու են մեր բանակցությունները»։

Հնչեցին հարցեր նաեւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ։Նախագահը բացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կկրկնվեն անցած տարվա մարտի 1-ի դեպքերը։

«Բացառում եմ։Եվ կարծում եմ, որ, ինչպես որոշ թերթեր են գրում` հունիսի 1 չի լինելու։ Ավելի ճիշտ լինելու է, բայց լինելու է նորմալ եւ ոչ թե ողբերգական իրադարձություններով լի օր»։

Միաժամանակ, երկրի նախագահը չհամաձայնեց հարցի միջոցով հնչեցրած բնորոշմանը, որ երկրում կան ապօրինաբար ազատությունից զրկված անձինք, քաղբանտարկյալներ. - «Չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ այսօր մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ»։

Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող է համաներում հայտարարել։

«Ես չեմ բացառում, որ կարող է լինել համաներում։ Բայց ես չեմ տեսել մի իշխանություն, որը նախօրոք հայտարարի, որ մի քանի օր հետո կամ մի շաբաթ հետո կամ մի ամիս հետո համաներում եմ հայտարարելու», - ասաց նա` հավելելով. - «Կգա ժամանակը` մենք կտեսնենք»։

Իսկ ժամանակը, ըստ նրա, «կգա», երբ ավարտվեն դատական գործընթացները։

Սերժ Սարգսյանը ասաց, որ պատրաստ է քննության առնել դատապարտյալների ցանկացած դիմում` հավելելով. - «Բայց ես պատրաստ չեմ միջամտելու դատաքննության գործընթացին»։

Դիտարկմանը, թե որեւէ ոստիկանի որեւէ մեղադրանք չի առաջադրվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, եւ հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նրանք միանգամայն անմեղ են, նախագահը արձագանքեց. - «Ես ասել եմ, որ մարտի 1-ի իրադարձություններում մեղք ունեն բոլորը։ Եվ բոլորը ասելով, ես նկատի ունեի նաեւ, անշուշտ, ոստիկանական ուժերին»։

Կալանավորվածներ[ոստիկաններից], սակայն, չկան, որովհետու չկան «կոնկրետ փաստեր»։

«Մենք շատ ուրախ կլինեինք, եթե կոնկրետ, առարկայական այդպիսի փաստեր լինեին», - հավելեց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի համոզմամբ, նախագահական հաջորդ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան Սահմանադրությամբ ամրագրված ժամկետում։ Չեն լինի, ըստ նրա, նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG