Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. - «Մեր խնդիրը միայն ճանապարհ բացելը չէ»


«Հայ-թուրքական հարաբերություններ լինել չեն կարող առանց Արցախի խնդիրը շոշափելու», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը` վկայակոչելով երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ նա կրկին անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների խնդրին` մասնավորապես, հայտարարեց. - «Ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ։ Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»։

Ժիրայր Սեֆիլյանի մեկնաբանությամբ` Օբաման, փաստորեն առաջարկել է Ղարաբաղյան հարցի` Թուրքիայի միջնորդությամբ կարգավորման ձեւաչափ, ինչը, ըստ Սեֆիլյանի, կլինի վատթարագույնը։

«Այս իմաստով մենք մտահոգ ենք», - ասաց Սեֆիլյանը։ - «Մեր խնդիրը միայն ճանապարհը բացել չէ։ Ամբողջ այս ընթացքը, որ գնում է բանակցային, այս կոնտեքտում հնարավոր չէ, որ Արցախի մասին խոսած չլինեն եւ որոշում արած չլինեն»։

«Միացում» ազգային նախաձեռնությունը դեմ է Հայաստան-Թուրքիա-գերտերություններ բանակցությունների «գաղտնի» ձեւաչափին եւ բովանդակությանը։ Նախաձեռնությունը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին – սահմանի բացման հնարավոր լուրերին դեռ պաշտոնապես կանդրադառնա։ Ժիրայր Սեֆիլյանը ունի իր անձնական տեսակետն այս հարցի շուրջ։

«Թուրքերը որեւէ մի դիվանագիտական... առավել եւս ճանապարհի բացում եւ այլն, չեն համաձայնվելու մինչեւ այն ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չճանաչի Կարսի պայմանագիրը։ Ես սրա մեջ եմ ամենամեծ վտանգը», - հավելեց Ժիրայր Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG