Մատչելիության հղումներ

Բացվեց «Ճգնաժամը հանեց համը» երգիծական ցուցահանդեսը


Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում այսօր բացվեց արդեն ավանդական դարձած ծաղրանկարների եւ երգիծանկարների ցուցահանդեսը, որն այս տարի անցնում է «Ճգնաժամը հանեց համը» խորագրի ներքո:

Այս տարի առաջին անգամ ցուցադրվում են նաեւ քանդակագործ Խաչատուր Միրիջանյանի երգիծաքանդակները:

Ապրիլի 1-ին նշվող Երգիծանքի եւ հումորի օրվա կապակցությամբ եւ «երգիծանքի ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար» նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչում է շնորհվել ծաղրանկարիչներ Վլադիմիր Աբրոյանին եւ Գեւորգ Յարալյանին:

Ցուցահանդեսում ներկայացված երգիծանկարներն ու լուսանկարները հիմնականում քաղաքական բնույթի են, բայց քաղաքական գործիչները երբեք այս ցուցահանդեսները չեն այցելում, թեեւ ներկայացված աշխատանքների մի մասին նրանք, թերեւս, պիտի ծանոթ լինեն, քանի որ դրանք հրապարակվում են մամուլում:

Հարություն Չալիկյանը, ով այս ցուցահանդեսին ներկայացրել է քաղաքական գործիչների ծաղրադիմանկարաշար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Տեսեք, թե որքան մարդ ենք նկարել: Ոչ ոք չկա այսօր, նրանց չի հետաքրքրում»:

Երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը նկատեց, որ ոչ բոլորն էլ կարողանում «հումորով դիտարկել ոչ միայն սեփական անձը, այլեւ սեփական ծաղրանկարը», այդ թվում` հենց ծաղրանկարիչները:

«Ես համոզված եմ, որ մեր ասոցիացիայի անդամների մոտ 30-40 տոկոսը չի ուզենա ունենալ իր երգիծանկարը», - ասաց նա:

«Հայկական ժամանակ» օրաթերթի ծաղրանկարիչ Արզոն «Ազատություն» ռադիոկայանի զրույցում ասաց, որ ամեն տարի նոր աշխատանքներ է ներկայացնում ցուցահանդեսին. - «Գաղափարային առումով անդրադառնում են նրան, ինչ կատարվում է: Անդրադարձել եմ մարտի 1-ին, այսօրվա շարժմանը, իշխանության ոչ գեղեցիկ, բացասական երեւույթներին»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG