Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ մարտի 29-ից ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, փոխվում է 10,000 դրամ ելքի տուրքի գանձման կարգը:
«Մինչեւ 29-ը այն [10,000 դրամ ելքի տուրքը] կգանձվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նախկինում եղել է, իսկ մարտի 29-ից ավիատոմսերի վաճառքի ամրագրման համակարգում ներգրավված է լինելու այդ գումարը եւ ուղեւորները, տոմսը ձեռք բերելու ժամանակ, արդեն վճարելու են այդ գումարը», - ասաց Մովսեսյանը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքով, այսպիսով կառավարությունը փորձում է պարզեցնել 10,000 դրամ ելքի տուրքի վճարման կարգը եւ խուսափել ուղեւորներին պատճառվող ավելորդ անհարմարություններից:
Օրենքի մեկ այլ փոփոխությամբ, Հայաստանի օդանավակայաններից մինչեւ 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում ֆիզիկական անձանցից ելքի տուրք չի գանձվում: Այս դրույթը առայժմ վերաբերում է միայն Երեւան - Թբիլիսի չվերթին:
Հասմիկ Սմբատյան