Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան սառեցված կպահի Հայաստանում գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորումը


«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի` երեկ կայացած նիստին որոշում է ընդունվել սառեցված պահել Հայաստանի գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորումը` Հայաստանի կառավարությանը հնարավորություն տալով սեփական միջոցներով ֆինանսավորել այն:

Նույն որոշմամբ, ծրագրի մյուս բաղադրիչի` ոռոգման ենթակառույցների շինարարության ֆինանսավորումը կշարունակվի:

Տնօրենների խորհուրդը իր այս որոշումը պայմանավորել է Հայաստանում ժողովրդավարության եւ կառավարման արդյունավետության «ոչ բավարավ վիճակով»` հույս հայտնելով, որ «Հայաստանի կառավարությունը կվերականգնի իր հանձնառությունների նկատմամբ` Տնօրենների խորհրդի հավատը»:

Խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մինչեւ առաջիկա հունիսը:

Ծրագիրն ամբողջությամբ արժե մոտ 235 միլիոն դոլար: Ճանապարհների ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվել է հատկացել 68 միլիոն դոլար, ոռոգման ենթածրագրի համար` ավելի քան 160 միլիոն դոլար:

«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի նախկին անդամ, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տնօրենների խորհրդի որոշումը «միանշանակ քաղաքական» համարեց:

«Սա իսկապես քաղաքական որոշում է, ինչի մասին մի քանի անգամ կորպորացիայի պաշտոնյաները եւ Տնօրենների խորհուրդը զգուշացրել է Հայաստանի իշխանություններին», - շարունակեց Բարսեղյանը: - «Խոսքը այն զգուշացումների մասին է, որ Հայաստանը իր ցուցիչներից մեկ բլոկով` «արդար կառավարման» բլոկը նկատի ունեմ, արդեն մի քանի անգամ է, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց հիման վրա կորպորացիան կարող է շարունակել ֆինանսավորումը»:

«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը` նշելով, որ չունի նման լիազորություն:

Իսկ Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, նշեցին, թե այդ խնդրով համապատասխան արձագանք եւ մեկնաբանություններ կլինեն վաղը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG