Եթե նախօրեին դոլարի առքի գինը 305-307, վաճառքինը` 307-308 դրամ էր, ապա այսօր տարբեր բանկերում եւ փոխանակման կետերում դրանք կազմում են, համապատասխանաբար, 350-360 եւ 375-400 դրամ:
Երեւանի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «որոշ չինովնիկներ» նախապես տեղեկացված են եղել դոլարի փոխարժեքի կտրուկ աճի մասին:
«Առավոտյան շուտ որոշ չինովնիկներ եկել են փոխանակման կետեր եւ մեծ քանակի արտարժույթ են գնել մինչեւ դոլարի բարձրացումը սահմանված կուրսով` 308-ով», - ասաց փոխանակման կետի աշխատակիցը: -«Կենտրոնական բանկը կուրսերը բաց թողեց: Երեւի իրենց համար հետաքրքիր մարդիկ արդեն ձեռք էին բերել համապատասխան քանակի դոլար, այսինքն` դիրքավորվել էին: Հիմա արդեն էլ հետաքրքիր չի կուրսը պահելը, բաց թողեցին: Մինչեւ այդ, թե’ վարչական, թե’ ֆինանսական միջոցներով Կենտրոնական բանկը մեզ ստիպում էր դոլարը դնեինք 308 [դրամով] վաճառքի, անկախ նրանից կա՞, թե՞ չկա», - հավելեց նա:
Պատահական անցորդների գնահատականները միանշանակ չէին:
«Ինձ համար տարբերություն չկա, որովհետեւ իմ եկամուտը դոլարային է», - ասաց մի տղամարդ: - «Ժողովրդի համար վատ է, որովհետեւ մեծամասնությունը դրամով է ստանում աշխատավարձը: Բնական է, որ ոչ թե դոլարը բարձրացավ, այլ դրամը արժեզրկվեց»:
«Ինձ համար տարբերություն չկա», - նույնպես արձագանքեց մեկ ուրիշ անցորդ: - «Դրամով եմ աշխատում, դրամով ստանում եմ, դրամով ծախսում եմ»:
«Լավ քաղաքականություն չենք վարում էս ճգնաժամի պայմաններում», - դժգոհեց մեկ ուրիշ անցորդ: - «Պահեցին, պահեցին [փոխարժեքը], հիմա էլ վերվարեցին` գնաց»:
«Դրան համարժեք մյուս բոլոր ապրանքներն էլ կթանկանան», - կանխագուշակեց մի կին:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)