Մատչելիության հղումներ

Լիզ Ֆուլեր. «Հայաստանում քաղաքական իրավիճակը մնում է բեւեռացված, բայց գոնե արտաքուստ` կայուն»


«Նախկին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Lեւոն Տեր Պետրոսյանի աջակիցների նկատմամբ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ոստիկանության եւ անվտանգության մարմինների կիրառած բռնություններից մեկ տարի անց Հայաստանում քաղաքական իրավիճակը մնում է բեւեռացված, բայց առնվազն արտաքուստ` կայուն», - այս կարծիքն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Lիզ Ֆուլերը անցած շաբաթավերջին հրապարակած հոդվածում:

Վերլուծելով նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները` Լիզ Ֆուլերը հիշատակում է մարտի 1-ից հետո հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հաստատումը, լրատվամիջոցների նկատմամբ ժամանակավորապես գրաքննություն սահմանելը, հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունումը: «Ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ցուցաբերել է ավելի հաշտվողական մոտեցում», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբանը: - «Փետրվարի 26-ին նա իր պարտված մրցակիցներին համագործակցության կոչ արեց, նույնիսկ` խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը ընդունեցին կոալիցիա կազմելու առաջարկը»:

«Տեր-Պետրոսյանը, սակայն, մշտապես ասել է, որ կհամաձայնի Սարգսյանի առաջարկած երկխոսությանը միայն այն դեպքում, երբ մարտիմեկյան բռնությունների հետեւանքով կալանավորված բոլոր իր աջակիցներն ազատ արձակվեն», - գրում է Ֆուլերը` հիշեցնելով, որ կալանավորվածների թիվը անցնում է 100-ից, առնվազն 77-ը արդեն դատապարտվել են, այդ թվում 40-ի նկատմամբ սահմանվել է ազատազրկում, 37-ի նկատմամբ` պայմանական պատիժ: 7 մարդ, այդ թվում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ երեք խորհրդարանականներ, ներկայումս դատվում են` պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:

Մայիսի 2-ին` մարտիմեկյան բախումներից հետո իր առաջին հրապարակային ելույթում Տեր-Պետրոսյանն իր աջակիցներին հայտարարեց, որ թեեւ ինքը Սերժ Սարգսյանին չի համարում օրինական ընտրված նախագահ, բայց պատրաստ է ընդունել երկխոսության նրա առաջարկը, եթե իշխանությունները նախ եւ առաջ կատարեն ԵԽԽՎ-ի կողմից ապրիլի 17-ին ընդունված բանաձեւի պահանջները` «մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովների, հանրահավաքների մասին օրենքի լրացումների չեղյալ հայտարարում, եւ այլն»:

Lիզ Ֆուլերը հիշեցնում է, որ հունիսին հանրավաքների անցկացման սահմանափակումները մեղմացվեցին, եւ Տեր-Պետրոսյանը ամռանն ու աշնան սկզբին մի շարք հանրահավաքներ անցկացրեց Երեւանում ու Գյումրիում: Բայց հոկտեմբերի կեսերին նա անսպասելիորեն հայտարարեց հանրահավաքային շարժումը ժամանակավորապես դադարեցնելու մասին` հիմնավորելով, որ հակառակ դեպքում ընդդիմությունը կարող է ակամա «գործիք դառնալ միջազգային ուժերի ձեռքում», որոնք մտադիր են Սարգսյանի կառավարությանը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ պարտադրել:

«Սակայն մարտիմեկյան բռնությունների հանգամանքների բացահայտման բնագավառում փոքր առաջընթաց արձանագրվել է», - գրում է վերլուծաբանը: - «2008-ի հունիսին Սարգսյանը ստեղծեց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է հոկտեմբերի կեսին ներկայացներ իր եզրակացությունները: Այդ ժամկետը երկու անգամ երկարաձգվեց. առաջին անգամ`մինչեւ փետրվարի կեսերը, երկրորդ անգամ` մինչեւ առաջիկա սեպտեմբերի կեսերը: Մինչ օրս, հանձնաժողովը բացահայտել է, որ զոհվածներից երեքի մահվան պատճառը եղել են ցուցարարների ուղղությամբ արձակված արցունքաբեր գազի ժամկետանց պարկուճները, բայց չի կարողացել պարզել, թե նման պարկուճներ ունեցող չորս ոստիկաններից ով է արձակել դրանք եւ ում հրամանով»:

Լիզ Ֆուլերն այստեղ մեջբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արձագանքը. - «Ես այս էքսպերտիզաներին չեմ վստահում, եւ չեմ վստահում, որ չորս հոգի են եւ երեք մահացած` ու հնարավոր չէ գտնել եւ պարզել, թե, այնուամենայնիվ, ով էր մեղավոր»:

«Անցած աշնանը Financial Times-ին տված հարցազրույցում Հարությունյանը նույնիսկ ավելի բաց արտահայտվեց եւ մեղադրեց Հայաստանի պաշտոնյաներին «1937-ի ստալինյան մեթոդներին» դիմելու մեջ` ակնարկելով, որ իշխանություններն ընդդիմությանը հանդուրժում են ձեւականորեն` զուտ Արեւմուտքին դուր գալու համար», - նշում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբանը:

Ըստ փորձագետի, Հայաստանի օմբուդսմենի փաստարկներն այսօր հիմնավորվում են. - «Ակնհայտ է դառնում, որ իշխանությունները խաղում են ժամանակի վրա, ԵԽԽՎ-ին ու իրավապաշտպան մյուս կառույցներին վստահեցնում, որ անկեղծորեն ձգտում են կատարել նրանց պահանջները, բայց իրականում տեղի չեն տալիս»: Արդյունքում, վերջին շաբաթվա ընթացքում հրապարակված զեկույցներում ե’ւ Human Rights Watch-ը, ե’ւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձանագրել են հետընտրական շրջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի զգալի վատթարացումը:

Lիզ Ֆուլերի կարծիքով` «վերջին շաբաթվա ընթացքում [Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ] դեսպան [Փիթեր] Սեմնեբիի այցը Երեւան վկայում է, որ Եվրամիությունը գիտակցում էր մարտիմեկյան հանրահավաքում նոր բախումների հնարավորությունը եւ ձգտում ոչ միայն ամեն գնով դա կանխել, այլ նաեւ նպաստել Տեր-Պետրոսյանի ու իշխանությունների միջեւ փոխըմբռնմանը»:

«Թե ինչպես այդ տարելիցը կնշվի` նույնպես կարեւոր նախանշան կլինի երկրում քաղաքական կյանքի զարգացման հետագա ընթացքը որոշելու», - այցի ընթացքում նկատել էր Փիթեր Սեմնեբին:

«Եթե Սեմնեբիի ջանքերը որոշիչ չլինեն, Տեր-Պետրոսյանին կհաջողվի առաջիկա ամիսներին հանրային դժգոհություն բորբոքել, քանի որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը գնալով խորանում է: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները ապրիլի 1-ից բարձրանալու են, կառավարությունը որոշ ներկրվող մթերքների համար մաքսատուրքերը բարձրացնելու օրենսդրություն է առաջարկում` տեղական արտադրողներին պաշտպանելու համար: Իսկ գների բարձրացումը կարող է հեշտությամբ հանրային դժգոհությունների բորբոքման առիթ դառնալ», - եզրակացնում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG