Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանը բացառում է մարտի 1-ին իշխանությունների կողմից ուժի կիրառումը


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, առաջիկա կիրակի օրը ծրագրված ընդդիմության հանրահավաքի ընթացքում «բոլոր կողմերը իրենց կոռեկտ կպահեն»: Հարցի շուրջ, սակայն, այլ կարծիքներ էլ կան:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը նախ վերահաստատեց, որ ընդդիմության ծրագրերը փոփոխություն չեն կրել, եւ մարտի 1-ին կայանալու են ինչպես հանրահավաքը, այնպես էլ երթը:

«Բացառում եմ [ուժի կիրառումը իշխանությունների կողմից]: Ես վստահ եմ, որ իշխանությունները նման որեւէ բան չեն անի», - հավելեց նա` շարունակելով. - «Այս ընթացքում ինչքան էլ փորձել են մարդկանց մոտ գնալ, ոստիկանների միջոցով նրանց վախեցնել... դա ընդամենը հոգեբանական պատերազմ է սեփական ժողովրդի դեմ: Իշխանության բոլոր գործողությունները միտված են վախի մթնոլորտ ստեղծելուն` այն պարզ հաշվարկով, որ դրանով մինիմիզացնեն մարդկանց թիվը»:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ), մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իշխանությունները, որոնք չեն արտոնել հանրահավաքն ու երթը, միջոցներ կկիրառեն, արձագանքեց. - «Եթե օրինականությունը խախտվում է, օրինականությունը վերականգնելու համար անպայմանորեն պետական մարմինները պետք է իրենց գործառույթները իրականացնեն... Ցանկացած դեպքում, եթե կա հասարակական կարգի խախտում, դրա համար կա պետական մարմին` ոստիկանություն, որի հիմնական գործառույթը դրանում է, որ կարողանա պաշտպանել հասարակական կարգը»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեսնում է «վերջին ժամանակներս ոստիկանների կողմից շատ ակտիվ ագրեսիվություն»:

«Ոչ մի երաշխիք չկա, որ ամսի 1-ին [բախում] չի լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG