Մատչելիության հղումներ

«Բջնի» հանքային ջրերի գործարանը մտադիր է դատական կարգով վիճարկել գործարանի աճուրդի գործընթացը


«Բջնի» հանքային ջրերի գործարան փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը կասկածներ ունի, որ ընկերության աճուրդը ընթացել է ընթացակարգային խախտումներով` «սահմանված գումարը պատշաճ ժամկետում չի մուծվել, պատշաճ ժամկետում պայմանագիր չի կնքվել»: «Բջնի» հանքային ջրերի գործարանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ ընկերությունը մտադիր է դատական կարգով վիճարկել գործարանի աճուրդի գործընթացը:

«2009 թվականի փետրվարի 20-ին պաշտոնապես դիմել եմ Հարկադիր կատարման ծառայությանը` խնդրելով տրամադրել գործում գտնվող բոլոր նյութերի պատճեները, հայտարարելով այն կասկածը, որ, միգուցե, Հարկադիր կատարման ծառայությունը որոշակի աղավաղումներ կամ ինչ-որ բացթողումներ կամ ինչ-որ փաստաթղթեր է «ներմուծել» կատարողական վարույթի մեջ», - ասաց Զոհրաբյանը:

«Այդ կասկածները փարատելու նպատակով, կարծում եմ, որ երբ Հարկադիր կատարման ծառայությունը կտրամադրի այդ փաստաթղթերը, մենք կկարողանանք արդեն համոզված ասել` Հարկադիր կատարողը աճուրդը անցկացրե՞լ է ընթացակարգային այդ խախտումներով, թե՞ ոչ», - նշեց ընկերության շահերի պաշտպանը:

Փետրվարի 16-ին կայացած կրկնաճուրդի ժամանակ «Բջնի» գործարանը 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամով գնել էր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանն առաջին անգամ աճուրդի էր հանվել հունվարի 23-ին: Իրենք` Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG