Մատչելիության հղումներ

Կառավարությունը 10 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով բյուջետային վարկ է տրամադրում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին


Հայաստանի կառավարության երեկվա նիստում որոշվեց 10 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամբողջ հզորությամբ աշխատելու է մոտակա երեք տարիների ընթացքում», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Երկրորդ, 50 արբանյակային ձեռնարկություններ, որտեղ ներգրավված են 2 հազար աշխատող, նույնպես երաշխավորված են լինելու, որ պահպանելու են իրենց աշխատատեղերը: Երրորդը, արտադրողականությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առնվազն 30 տոկոսով ավելանալու է»:

Կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց. - «Տեսնում եք, պետությունը մեզ ձեռք է մեկնում»:

Նա նշեց, որ միջազգային շուկայում պղնձի գները, իհարկե, ազդել են ձեռնարկության շահույթի ծավալների վրա. - «Եթե մենք պետք է մի քանի տասնյակ միլիոն դոլարների եկամուտ ունենայինք, շահույթ ունենայինք, այսօր, բնական է, մի քանի մատերի վրա պետք է հաշվել. այդքան շահույթ պետք է ունենանք»:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ նույն պայմաններում շարունակում է աշխատել Քաջարանում գտնվող [Զանգեզուրի] կոմբինատը, փոխարենը գործազրկության պատճառ են հանդիսանում Կապանի եւ Ագարակի կոմբինատները, Հակոբյանը արձագանքեց. - «Իրավունք չունեն չաշխատելու: 7-8 տարի առաջ այդ երկու ձեռնարկությունները մենք մեր աշխատակիցներով ենք վերականգնել եւ ապացուցել բոլորին, որ այս ձեռնարկությունները կարող են աշխատել»:

Կապանի քաղաքապետը, ի դեպ, օրերս հայտարարել էր, թե Կապանի կոմբինատի աշխատանքը դադարեցվելու է փետրվարի 19-ից: Կոմբինատի գլխավոր տնօրենը, ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, երեկ ուշ երեկոյան «ինտերնետային կապով քննարկում էր ծավալելու Կանադայում գտնվող սեփականատերերի հետ»: Արդյունքը հստակ կլինի այսօր:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, շաբաթասկզին Հայաստան է ժամանել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը` հակաճգնաժամային ելքեր գտնելու, վարկ խնդրելու նպատակով:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG