Շուրջ 10 օրվա ընթացքում աշխատանքային խումբը 4 նիստ անցկացրեց, ներկայացվեցին առաջարկներ, եւ ի վերջո, ընդունվեց մի տարբերակ, որն առայժմ դժվար է ասել, թե որքանով կլուծի դաշտում առկա խնդիրները:
Նշված փոփոխությունները կատարելու խոստում տրվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներին:
«Ըստ էության նորմալ փոփոխություններ են` իրավական որոշակիության տեսակետից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: - «Սահմանազատել են դիսպոզիցիայի որոշ հարցեր, որոնք ավելի տարածական էին եւ այլն եւ այլն»:
«Բայց ես այլ տեսակետից եմ այս խնդրին նայում», - շարունակեց Մարդու իրավունքների պաշտպանը: - «Արդյոք սրանով անուղղակի չե՞ն փաստում այն հանգամանքը, որ որտեղ որ տարածական մեկնաբանության հնարավորություն կա, իրավակիրառ պրակտիկայում այդ տարածական մեկնաբանությունը ոչ ի օգուտ մարդու իրավունքների է: Եվ տվյալ դեպքում փորձում են դիսպոզիցիան կոնկրետացնելով, իրավական որոշակիությունը հստակեցնելով, այդ տարածական մեկնաբանության հիմքը նեղացնել, որպեսզի դա այնպիսին չլինի, ինչպես իրավակիրառ պրակտիկայում ենք տեսնում»:
Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ փոփոխությունների այնպիսի տարբերակ է առաջարկվում, որը, կարծես, բարելավում, մեղմացում չի նախատեսում, պատժաչափերը չեն փոխվում, այսինքն` չի բացառվում, որ փոփոխությունները հետադարձ ուժ չունենան, Արմեն Հարությունյանը արձագանքեց. - «Ճիշտ ասած, ես անձամբ պատժաչափերն էլ կփոխեի եւ կփոխեի դեպի ավելի նվազեցում բոլոր դեպքերի համար»:
«Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով, 300 հոդվածում ամրագրված հանցատեսակները` պետական իշխանությունը յուրացնելը, պահելը, սահմանադրական կարգը տապալելը, ամենածանր հանցագործություններն են:
«Ոնց ուզում ես յուրացրու, ուզում ես պահպանելով իշխանությունը, բռնությամբ կամ ընտրությունները կեղծելով, միեւնույն է յուրացում է: Եվ այդ հոդվածը պետք է, այո, ամենախիստ պատժամիջոցը լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տեր-Եսայանը:
Միեւնույն ժամանակ, նրա գնահատմամբ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խումբը որեւէ փոփոխություն, ըստ էության, չի կատարել. - «[Պարզապես] Եթե մենք հիմա 300 հոդվածը մի շնչով ենք կարդում, այսինքն` առաջին, երկրորդ կետերով, հիմա փորձ է արվում զավթելը, պահելը տարանջատել` ասենք, 301 պրիմ: Բովանդակությունը նույնն է մնում` յուրացումը յուրացում է, ի՞նչն են տարանջատել»:
Հարցին, թե որքանով են այս փոփոխությունները առնչվում մարտի 1-ի իրադարձություններից հետո այդ հոդվածներով դատապարտվածներին կամ «7-ի գործով» մեղադրվողներին, կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ, կարո՞ղ են մասամբ նպաստել ներքաղաքական լարվածության մեղմացմանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արձագանքեց. - «Եթե հետադարձ ուժ չեն ունենալու, եթե որեւէ խնդիր չի լուծվելու, այդ դեպքում լարվածությունը ինչպե՞ս է թուլանալու»:
Իսկ «7-ի գործի» անռչությամբ Արմեն Հարությունյանը ասաց. - «Որպեսզի այդ դատական պրոցեսը գնա, մենք մի հատ կողմերի փաստարկները լսենք, հասկանանք ինչ է կատարվում:Իսկ եթե սա որեւէ լուծում չպիտի տա, որեւէ հստակեցում չպիտի մտցնի, ապա չգիտեմ»:
Իսկ Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով, այս փոփոխությունները որեւէ առնչություն չեն ունենալու ո’չ մարտիմեկյան, ո’չ էլ կոնկրետ «7-ի գործին»:
Կարինե Քալանթարյան