Իսկ «Հայոց աշխարհ»-ին անցած մեկ տարվա իր գնահատականն է տվել Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը. - «Մեկ տարի առաջ՝ նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, հավանաբար բոլոր են հիշում, ներքաղաքական վիճակը բավական լարված էր։ Պատճառն այն էր, որ քաղաքական դաշտ էր մտել Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ական խմբավորումների հետ ամեն գնով ցանկանում էր վերադարձնել տասը տարի առաջ կորցրած իշխանությունը։ Հետադարձ հայացքով շատ ավելի հասկանալի է դառնում, որ նրանց իշխանափոխության ծրագրերն ընտրությունների միջոցով անիրագործելի էին, քանի որ ընտրողների միայն 20 տոկոսը վստահեց նախկին վարչախմբի առաջնորդին։ Ուստիեւ նրանք ընտրեցին հեղաշրջման ճանապարհը, ինչն էլ հասարակական առճակատում առաջացրեց։ Հիմա իրավիճակը ներքաղաքական դաշտում էապես կայունացել է, իսկ արմատական ընդդիմությունը վերջին ավելի քան չորս ամիսներին որեւէ քաղաքական հրապարակային դրսեւորում չի ունեցել։ Նրանց առաջնորդն էլ, հավանաբար, սկզբնավորել է լռության նոր տասնամյակը»։
Սպասվող հանրահավաքի մասին «Ազգ»-ը գրում է. - «Ակամա, այս նոր հանրահավաքը կարող է դժգոհների ինչ-որ նոր շերտի հավաքել` սա ճգնաժամի եւ մեր դանդաղ հակազդեցության շնորհիվ: Գումարած բանտարկյալներ թնջուկը` չնայած երկրի նախագահը վերջին շրջանում խոսում էր փոխադարձ համաներումից, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե ի՞նչ կա նրա մտքին, եւ արդյոք դեռ անակնկա՞լ է լինելու, եւ մինչեւ մարտի 1-ը նա ինչ-որ միջանկյալ լուծո՞ւմ է առաջարկելու: Այս մեկ տարում ՀՀ սովորական քաղաքացին նյարդայնանալու շատ պատճառներ ուներ` վերը նշված բոլոր անհարմարությունները նախ նրան էին վերաբերում. երկուստեք նրա ականջն էին սղոցում իշխանական եւ ընդդիմադիր ճամբարների կարկառուններն իրենց «միակ անսխալական» դիֆերամբներով: «Մենք քաղբանտարկյալներ ենք», գալիս էր ձայնը ձերբակալված ընդդիմադիրների ձայնային տիրույթից, «Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան», պատասխանում էին իշխանական հարկաբաժիններից: Հասկանում եք` սովորական մարդու նյարդերը կարող են եւ չդիմանալ էս մեր «ընտրախավի» տուրեւառին, ինքն էլ մարդ է, չէ՞»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չեմ հասկանում Եվրոպայի խորհրդի եւ մեր իշխանությունների «համագործակցության մեխանիզմը»: Կամ մերոնք են շատ խորամանկ ու կարողանում են տարիներ շարունակ եվրոպացիներին խաբել, կամ եվրոպացիներն են չափից դուրս դյուրահավատ, կամ էլ այդ երկուսի միջեւ իսկապես ինչ-որ գործարքներ են կնքվում, որոնց էությունը մեզ անհայտ է: Երեկ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը տեղեկատվություն է տարածել, որը մեջբերում եմ ամբողջությամբ. - «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն իրենց մտահոգությունն են հայտնել իշխանությունների` 2009 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում` Հայկական ազգային կոնգրեսին (ՀԱԿ) խաղաղ հանրահավաք կազմակերպել չթույլատրելու կապակցությամբ»: Եվրոպացիների վարքագիծն ինձ համար առեղծվածային է մնում: Մեր պատվիրակությունը գնում է Ստրասբուրգ եւ գրավոր երդում է ուտում, թե փոփոխելու է Քրօր.-ի 225 եւ 300 հոդվածները այնպես, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Հետո գալիս է Երեւան ու խստացում է վերոհիշյալ հոդվածները, որպեսզի քաղբանտարկյալներն ավելի երկար նստեն: Կամ Պրեսկոտն ու Կոլոմբիեն մանկապարտեզի երեխաներ են եւ դա չեն հասկանում: Կամ ... էլ չգիտեմ` ինչ ենթադրեմ»:
«Հայկական ժամանակ»-ի պնդմամբ` «կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ՀՀ-ում գործող բանկերին զգուշացրել-տեղեկացրել են, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կբարձրանա մինչեւ 420-450 դրամ»: «Այս զգուշացման նպատակն այն է, որ բանկերը դա նկատի ունենան` իրենց առաջիկա ծրագրերը կազմելիս, եւ անակնկալների չհանդիպեն: Խնդիրն այն է, որ ԿԲ-ն այլեւս ֆիզիկապես չի կարողանում պահել դրամի փոխարժեքը: Միայն այս շաբաթվա երկու օրերին ԿԲ-ն իրականացրել է ավելի քան 20 միլիոն դոլարի ինտերվենցիա», - գրում է թերթը:
Աղասի Ենոքյան