«Այն, ինչ ստեղծվել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ` այսպես կոչված հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, դա ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող աշխատանքի մի մասն է միայն: Մենք ենթադրում ենք, որ նույնպիսի համատեղ երկկողմ համակարգ կստեղծվի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ», - ասել է Բորդյուժան:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ասուլիսի ժամանակ տեղեկացրել է նաեւ, որ ներկայումս համաձայնեցվում են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին նորմատիվ փաստաթղթերը:
Բորդյուժայի փոխանցմամբ` Արեւելաեվրոպական, Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ստեղծումը միայն առաջին փուլն է. - «Դրանից հետո մենք գնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ սկսում ենք համակարգել բոլոր տարածաշրջանային համակարգերի գործունեությունը, մշակել մարտական հերթապահության միասնական կանոններ, մշակել տեղեկատվության փոխանակման համակարգ»:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Կազմակերպությունում ներկայումս նախագահում է Հայաստանը: