Մատչելիության հղումներ

Մյունխենում կկայանա Նալբանդյան-Բաբաջան հանդիպում


Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Մյունխենում կկայանա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Հայաստանցի պաշտոնակցի հետ նախատեսվող հանդիպման մասին երեկ Մյունխեն մեկնելուց առաջ լրագրողներին հայտնել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարարը:

Նալբանդյան-Բաբաջան առաջիկա հանդիպումը երկրորդը կլինի այս տարվա ընթացքում. առաջինը կայացավ անցած շաբաթ Դավոսում` համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Դավոսյան ֆորումի շրջանակներում հանդիպեցին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Մինչդեռ, Միացյալ Նահանգներում գործող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական կազմակերպությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ «խոր մտահոգություն փոխանցելով» Հայաստանի արտաքին հարաբերությունների ոլորտում վերջին զարգացումների կապակցությամբ:

Հիշատակելով Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրների ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու, «Արցախի ազատագրված տարածքները» հանձնելու, Ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի միջնորդ դառնալու մասին շրջանառվող լուրերը, ստորագրահավաքի նախաձեռնողները «այս կացությունը սրբագրելու համար Հայաստանի կառավարությանը կոչ են անում անմիջապես եւ հստակորեն դիրքորոշում հայտարարել տվյալ հարցերի առնչությամբ». - «Մասնավորաբար, վրդովված ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման ճանապարհին Հայաստանի կառավարության հավանական զիջումների մասին հաղորդումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG