Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունը փոխոստիկանապետի սպանության մեջ կասկածվողի ֆոտոռոբոտ չունի


Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Վահե Կոստանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության մեջ կասկածվող անձի ֆոտոռոբոտ գոյություն չունի եւ իրենք տեղյակ չեն, թե մամուլում այսօր ո՞ւմ նկարն է հրապարակվել:

Ավելի ուշ, սակայն, Ոստիկանության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հրապարակվածը իրենց տրամադրության տակ եղած «կասկածյալի ֆոտոռոբոտն» է:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակը նշել էր, որ սպանության բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, կիրառվում են քրեագիտության բնագավառի մեթոդներ, որոնցից է նաեւ ֆոտոռոբոտների կազմումը, սակայն փոխոստիկանապետին սպանած անձնավորության ֆոտոռոբոտ իրենք չունեն:

Մամուլում այսօր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ոստիկանությանը հաջողվել է գտնել ականատեսների, որոնք, ենթադրաբար, տեսել են փետրվարի 3-ին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձնավորությանը:

Հրապարակումների համաձայն, ականատեսների տված տեղեկությունների հիման վրա արդեն կազմվել է ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը, որը բաժանվել է ոստիկանության բոլոր բաժիններին:

Նշվում է, որ ոստիկանությունը փնտրում է մոտ 40 տարեկան, ամրակազմ, թուխ դեմքով, սեւ աչքերով եւ սեւ մազերով, 177-ից 180 սանտիմետր հասակ ունեցող անձնավորության:

«Առավոտ» օրաթերթը այսօր իր առաջին էջում տպագրել է ենթադրյալ մարդասպանի ֆոտոռոբոտը:

Գեւորգ Մհերյանը դիմահար կրակոցներով սպանվել է փետրվարի 3-ի երեկոյան` իր տան մուտքի մոտ:

34-ամյա Գեւորգ Մհերյանը, ով Հայաստանի փոխոստիկանապետ էր նշանակվել անցած տարվա հուլիսին, կանոնակարգում էր ոստիկանության անձնագրերի եւ վիզաների, նաեւ իրավական ապահովման վարչությունների աշխատանքը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG