Ադրբեջանական գործակալությունը պարզաբանում է, որ 2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում հակամարտ կողմերին ներկայացված առաջարկները ենթադրում են Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով, որը տեղի կունենա խաղաղ գործընթացի վերջնական փուլում, իսկ մինչ այդ կատարվելու են վստահության միջոցառումների մնացած քայլերը, ներառյալ` ուժի կիրառումից հրաժարում, օկուպացված տարածքներից հայկական ուժերի աստիճանաբար դուրսբերում, հարկադիր տեղահանվածների վերադարձ ու առեւտրային կապերի վերականգնում:
«Ադրբեջանում լայնորեն տարածված են սխալ պատկերացումներ եւ շաբլոն մտածողություն այդ առաջարկների նկատմամբ, կարծես թե դա գաղտնի դավադրություն է, որի նպատակն է օրինականացնել Lեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից: Նույնատիպ մտահոգություններ կան եւ Հայաստանում», - «Թրենդ»-ին ասել է Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները տեղեկացնեն եւ խորհրդակցեն իրենց երկրների հասարակությունների հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկների շուրջ: «Քաղաքացիական իրազեկության բարձրացումը, ադրբեջանցի եւ հայաստանցի գործընկերների հետ քննարկումները շատ կարեւոր են խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար», - գտնում է Ֆրեյզերը:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով երեկ Ցյուրիխում կայացած Սարգսյան - Ալիեւ հանդիպմանը, ասել է, թե «հիմնարար սկզբունքների մի քանի առանցքային տարրեր մոտեցնելու հարցում երկու երկրների ղեկավարները առաջընթաց են արձանագրել»:
Հրաչ Մելքումյան, Պրահա