Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնաբանում են ԵԽԽՎ-ի բանաձեւը


Հայաստանյան իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` երեկ ընդունած բանաձեւում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին դրույթի բացակայությունը:

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքից չզրկելը «Հայաստանի ժողովրդավարության հաղթանակն է»:

«Որպես իշխանության ներկայացուցիչ ասեմ, որ սա ո’չ իշխանության հաղթանակն է, ո’չ էլ առավել եւս` ընդդիմության պարտությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շարմազանովը: - «Սա Հայաստանի ապագայի հաղթանակն է, Հայաստանի ժողովրդավարության տեսլականի հաղթանակն է, Հայաստանի եվրոինտեգրման տեսլականի հաղթանակն է»:

Հարցին, թե Հայաստանում տեղ գտած ո՞ր փոփոխությունների շնորհիվ էր, որ մեկ ամսվա ընթացքում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովում համազեկուցողները մեղմեցին իրենց կոշտ դիրքորոշումը, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց. - «Եվրոպական մեր գործընկերները իրոք համոզվել են, որ Հայաստանում իշխանությունները չեն գնում քաղաքական ռեպրեսիաների ճանապարհով»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նույն հարցին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե պատճառն այն է, որ միջազգային կառույցները նպատակ չունեն պատժելու որեւէ անդամի: Նրա խոսքով, ավելի «պրագմատիկ է համարվում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կխթանեն բարեփոխումները. - «Միեւնույն ժամանակ, հատկանշանական է այն դյուրահավատությունը, որով համազեկուցողները ընդունեցին կրիմինալին ներում շնորհած ՀՀ իշխանությունների քայլը: Դա հիմք պետք է հանդիսանա համազեկուցողներին վստահության հարց բարձրացնելու համար... Սա նաեւ վկայությունն է այն բանի, որ Հայաստանում ընթացող զարգացումները մեծ հաշվով չեն հետաքրքրում Եվրոպայի խորհրդին: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդը պետք է շարունակի իր պայքարը` ապավինելով իր ուժերի եւ վճռականության վրա»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, համազեկուցողների դիրքորոշման փոփոխությունը ցույց է տալիս, որ «Եվրոպան դեռեւս պատրաստ չէ Հայաստանի ժողովրդավարացմանը»:

«Եվրոպան ցույց տվեց, որ կարող է քրեական հանցագործներին... անցկացնել քաղբանտարկյալի տեղ, հրաժարվել իրենց իսկ ձեւակերպումներից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուսինյանը: - «Դա մեր խնդիրը չէ, դա նույնիսկ այս իշխանությունների խնդիրը չէ: Դա Եվրոպայի խնդիրն է, թե որքանով է Եվրոպան հավատարիմ դեմոկրատական արժեքներին»:

«Ինչո՞վ է բացատրվում նման մոտեցումը», - շարունակեց նա: - «Մոնիտորինգի խմբի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ հստակ էր, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Ի՞նչ տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ից հետո, որ այդ մարդիկ դադարեցին լինել քաղաքական բանտարկյալ: Եվ երկրորդ, Եվրոպայի խորհրդի մոտեցումը զարմանալի է նաեւ տրամաբանական տեսանկյունից. եթե այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, ինչո՞ւ եք պահանջում նրանց ազատ արձակումը: Իսկ եթե համարում եք, որ քաղաքական բանտարկյալներ են, ապա ինչո՞ւ չեք ֆիքսում դա փաստաթղթում»:

Հարցին, թե կարելի՞ է սա գնահատել որպես Հայաստանի իշխանությունների հաղթանակ, Արման Մուսինյանը արձագանքեց. - «Ես կխուսափեի հաղթանակ գնահատելուց, որովհետեւ սրանով հաստատ Հայաստանի իմիջը չի բարձրացել, սրանով հաստատ Հայաստանի ներսում ստեղծված ներքաղաքական լարվածությունը չի թուլացել, պրոբլեմները չեն վերացել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG