Մատչելիության հղումներ

Կարեն Հայրապետյանը «Հայաստանի 60-րդ քաղբանտարկյալն է»


Ըստ Հայ ազգային կոնգրեսի Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանի, Հայաստանում առկա 59 քաղբանտարկյալներին ավելացավ եւս մեկը` Կարեն Հայրապետյանը:

Երեկ Հայ ազգային կոնգրեսը տարածել են հայտարարություն, որով տեղեկացրել էր, որ նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել զինծառայող, շարքային Կարեն Հայրապետյանին, ով «չհամաձայնեց գործիք դառնալ հայկական «արդարադատության» ձեռքին եւ հրաժարվեց կեղծ ցուցմունքներ տալ քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի եւ Արման Շահինյանի դեմ»:

«Կարեն Հայրապետյանը չմտավ այն սխեմայի մեջ, որը իշխանությունները բանեցնում են», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Խաչատրյանը: - «Ինքը միանգամից դարձավ այլախոհ, դարձավ քաղբանտարկյալ: Որովհետեւ այսպես է` կա’մ դու պիտի համագործակցես ու տուժող դառնաս, վկա դառնաս, կա’մ, եթե չես գնում այդ համագործակցությանը, միանգամից դառնում ես մեղադրյալ»:

18-ամյա նախկին զինծառայող Կարեն Հայրապետյանը ներգրավված էր Մյասնիկ Մալխասյանի եւ Արման Շահինյանի գործերով որպես վկա, սակայն, երբ դատարանի դահլիճում պնդեց, որ այն ցուցմունքները, որ ներկայացվում են որպես իր կողմից տրված, չեն համապատասխանում իրականությանը, հայտնվեց մեղադրյալի աթոռին` սուտ ցուցմունքներ տալու համար, եւ երկու օր առաջ դատապարտվեց մեկ տարի ազատազրկման:

Հայրապետյանի պաշտպանը` Աղասի Աթաբեկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հետեւյալը. - «Արման Շահինյանի քրեական գործով իբր թե նա ցուցմունք է տվել, որ ինքը հիշում է, որ դուբինկաները տեսել է եւ տեսել է ոստիկանների հետ բախվելու պահը... Մինչդեռ պաշտպանյալս ուղղակի ցուցմունք տվեց, որ մարտի 1-ին եւ 2-ին չի գտնվել Անկախության հրապարակում լուսադեմին, հայտնի գործողությունների ականատեսը չի եղել»:

Փաստաբանի պնդմամբ, Կարեն Հայրապետյանը ասել է, որ իրեն մի քանի անգամ թղթեր են տվել ստորագրելու, եւ ինքը ստորագրել է առանց նայելու:

Աղասի Աթաբեկյանը պնդեց նաեւ, որ իր պաշտպանյալից ցուցմունքները կորզվել են «քննությանը խորթ մեթոդներով»:

Փաստաբանը հավելեց, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարը` «Հայկական ժամանակ» օրաթերթի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG