ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հայտարարել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Սեղանի վրա դրված միակ փաստաթուղթը հակամարտության կարգավորման բազային հիմնադրույթների վերաբերյալ է: Դա նույն Մադրիդյան փաստաթուղթն է, որին իրենց հավատարմությունն են հայտնել կողմերը՝ ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Կարապետյանը:
Այն պայմաններում, երբ համաձայնեցված չէ անգամ բազային կարգավորման փաստաթուղթը, Կարապետյանի համար անհասկանալի են վերջնական փաստաթղթի մասին խոսակցությունները:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուն գտնում է, որ, հաշվի առնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակության ձայնազրկման սպառնալիքը, ներկայումս դժվար է Ղարաբաղի հարցում որեւէ հայանպաստ փաստաթուղթ ակնկալելը:
«Թուլացված Հայաստանը դժվար թե կարողանա մեզ համար ձեռնտու փաստաթուղթ ստորագրել», - կարծիք հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:
Տիգրան Ավետիսյան