Միջնորդները արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներից հետո մամուլի համար հայտարարություններ չեն արվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` համանախագահները Երեւանից մեկնելու են Ստեփանակերտ: Այդ լուրը, սակայն, Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչություններում առայժմ ոչ հաստատում են եւ ոչ էլ հերքում:
Սա միջնորդների այս տարվա առաջին այցն է, եւ, ինչպես ավելի վաղ ադրբեջանական գործակալություններին ասել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, կախված քննարկումներից` նրանք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերին»:
Հայաստանյան եւ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն` երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ Դավոսում` հունվարի 28-ից մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, թեեւ, Հայաստանի նախագահի մամլո խոսնակի վկայությամբ, առայժմ որեւէ պայմանավորվածություն ձեռք բերված չէ:
Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ուրբաթ օրը ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, նոր առաջարկներ միջնորդները չեն նախապատրաստել եւ հույս ունեն, որ կողմերին ի վերջո կհաջողվի համաձայնության հասնել դեռեւս չհամաձայնեցված մի քանի դրույթների շուրջ:
Համանախագահները նաեւ հուսով են, որ հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել այս տարվա առաջին կիսամյակում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա