Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կոչ է արել ստեղծել գազի հետ կապված խնդիրներից խուսափելու միջազգային մեխանիզմ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում բացելով գազի խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսը, հայտարարել է, որ ծագած խնդիրը «կարող է լուծվել միայն հավաքական ջանքերի շնորհիվ»:

Ռուսաստանյան գազը եվրոպական սպառողներին հասցնելն ապահովելու խնդրին նվիրված կոնֆերանսին մասնակցում են Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազ ստացող երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները: Ուկրաինան ներկայացնում է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

«Կոնֆլիկտային իրավիճակը հարկավոր է հնարավորինս արագ կարգավորել», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Կոնֆերանսի գլխավոր խնդիրը Ռուսաստանի նախագահը ձեւակերպել է հետեւյալ կերպ. - «Արդյունավետ մշտական գործող միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը թույլ չի տա ապագայում նման իրավիճակների կրկնությունը»:

Ռուսաստանի նախագահի հրավերով կոնֆերանսին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը Ուկրաինային` այդ երկրի կողմից օգտագործված գազի դիմաց կատարվելիք վճարումների, ինչպես նաեւ հետագա մատակարարումների գնի շուրջ ծավալված վեճի արդյունքում:

Մի քանի օր անց Ռուսաստանը նաեւ կասեցրեց Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը Եվրոպա` Ուկրաինային մեղադրելով իր տարածքով անցնող տրանզիտային գազի գողության մեջ: Ուկրաինան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG